Հրազդանի կիրճում հանգստի գոտու կառուցման համար ևս 172,6 մլն դրամ հատկացվեց
Երևանի Հրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման բյուջեն կավելացվի ավելի քան 172 մլն դրամով։ Համապատասխան որոշումն ընդունվեց 38 «կողմ», 2 «դեմ» և 16 «ձեռնպահ» ձայներով։ Նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը։
«Նախատեսվում է Երևան քաղաքի 2026 թվականի բյուջեի եկամտային մասում պետության կողմից Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն ավելացնել 172 մլն 608 հազար դրամով։ Ամբողջ տարածքը կազմում է 3400 քմ։ Այն կուղղվի Հրազդանի կիրճի (Աթենքի փողոցին հարող՝ Հրազդանի կիրճի սկզբնամասից 5,5 կիլոմետրի վրա գտնվող հատվածում) բազմաֆունկցիոնալ հանգստի գոտու կառուցման աշխատանքներին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել զբոսանքի, սպորտային և այլ միջոցառումների անցկացման հարթակներ, կինոդիտման վայր, ինչպես նաև յոգայի հարթակ, կանաչ գոտի, սրճարանի մակերես և այլն»,- նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ բարելավվելու են տրանսպորտային և հետիոտնային ուղիները՝ կիրճի հասանելիությունն առավել անվտանգ դարձնելու համար։ Բարեկարգվող ճանապարհը կլինի 1590 քմ, որից 1020 քմ-ն նախատեսված է մեքենաների և վազորդների, իսկ 570 քմ-ն՝ հեծանվորդների համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ սա Հրազդանի կիրճի վերափոխման մի փոքր մասն է, ու շինարարությունը շուտով կսկսվի, քանի որ հաղթող կազմակերպությունն էլ արդեն կա։ Շեշտեց՝ Ասիական զարգացման բանկն էլ ամբողջ Հրազդանի կիրճի վերակենդանացման կոնցեպտ է մշակել, որտեղ ներառված է մի քանի ծրագիր։
«Բավականին մեծ հատվածում քայլուղի և հեծանվուղի է կառուցվելու։ Մարզվողներն էլ շատ անգամ ասել են, որ վազելու, քայլելու կամ հեծանիվ քշելու ընթացքում, երբ կանգառներ են անում, ցանկանում են ջուր գնելու հնարավորություն ունենալ»,- ասաց Ավինյանը։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հետաքրքրվեց՝ արդյոք մի քանի մեծ վերելակներ լինելու են դեպի Հրազդանի կիրճ իջնելու համար։ Ավինյանը հայտնեց, որ հենց վերելակների մասին չի խոսվել, բայց վերջական նախագծում գուցե ընդգրկվի նաև այդ առաջարկը։



