Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը». Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և կտեսնենք մինչ այժմ իրականացված բոլոր ջանքերի արդյունքը։ Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ հակամարտության բացակայության պայմաններում խաղաղության առկայությունը և դրա բերած օգուտներն արդեն ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա։
Մենք արդեն իսկ կանխատեսում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ արդյունքներ կունենան տարածաշրջանի համար՝ կապի, տնտեսական, առևտրային և էներգետիկ անվտանգության առումով»,- ասել է Ֆիդանը։
Ֆիդանը պնդել է, որ Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:
«Այս հարցում մենք սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության կապակցվածության նախագծերի շրջանակում։ Տիկին Մարթա Կոսի հետ (Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար) այս թեմաների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումներ։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո դուք կտեսնեք, որ թե՛ կապակցվածության, թե՛ տնտեսական զարգացման առումով տարածաշրջանի երկրները կունենան զգալի դրական առաջընթաց։ Մենք դրան շատ մոտ ենք»։



