Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում Հորմուզի նեղուցով նավերի անցման շուրջ պայմանավորվածությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին Հորմուզի նեղուցով նավերի անցման հետ կապված պայմանավորվածությունները չկատարելու համար և հավաստիացրել, որ շուտով նավթը կսկսի անցնել նեղուցով՝ Իրանի օգնությամբ կամ առանց դրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ մի քանի գրառում է արել իր Truth Social հարթակում։
«Տեղեկություններ կան, որ Իրանը վճար է գանձում Հորմուզի նեղուցով անցնող լցանավերից։ Լավ կլինի՝ նրանք դա անելիս չլինեն, իսկ եթե անում են, ապա լավ կանեն՝ հենց հիմա դադարեցնեն դա», – գրել է Թրամփը գրառումներից մեկում։
Այնուհետև նա քննադատել է The Wall Street Journal-ին, քանի որ նրանք գրել էին, որ Թրամփը «վաղաժամ հաղթանակ է հայտարարել Իրանում»։
«Դա իրականում հաղթանակ է, և դրա մեջ «վաղաժամ» ոչինչ չկա։ Իմ շնորհիվ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա, և շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես է նավթը սկսում հոսել՝ Իրանի օգնությամբ կամ առանց նրա, որևէ տարբերություն չկա», – գրել է նա։
Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու հարցում Իրանը լավ չի կատարում իր պարտականությունները։
«Հորմուզի նեղուցով նավթ բաց թողնելու հարցում Իրանը շատ վատ աշխատանք է կատարում, ոմանք կասեին՝ անպատվաբեր։ Մենք այդպես չենք պայմանավորվել», – նշել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ-ն և Իրանն ապրիլի 8-ին հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։ Կողմերը Պակիստանում պետք է բանակցություններ վարեն խաղաղության համաձայնագրի շուրջ։



