Ինչո՞ւ Պուտինն ու Փաշինյանն Արցախի մեղքը գցեցին միմյանց վրա. Արցախի նախկին ԱԳ նախարարը բացում է տողատակերը
Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի ապրիլմեկյան հանդիպումը Կրեմլում ավելի շատ Փաշինյանի նախընտրական նշանակություն ունեցող կարևորագույն հանդիպում էր։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կարծիք հայտնեց Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը՝ խոսելով նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան բանակցությունների բովանդակության ու հանրային ազդեցությունների թեմայի շուրջ։

Ինչ վերաբերում է Պուտին-Փաշինյան հրապարակային խոսակցության ընթացքում ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻ արծարծմանը, Արցախի Հանրապետության նախկին ԱԳ նախարարը դա բացատրում է այն տեսակետով, որ Կրեմլի համար ամենևին ցանկալի չէ, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվի՝ որպես «Արցախը կործանող գերտերություններից հիմնականը», և այդ է պատճառը, որ Պուտինն ու Փաշինյանը փոխադարձաբար Արցախի կործանման մեղքը գցեցին միմյանց վրա։
Արման Մելիքյանն ուշադրություն է հրավիրում այն հարցի վրա, թե Պուտինի ու Փաշինյանի հանդիպման հրապարակային մասը, որը նաև քննարկվել է փակ դռների հետևում և ավելի անկեղծ է եղել, ինչ ազդեցություն է ունեցել Հայաստանի հանրության վրա և ինչ մեկնաբանությունների տեղիք է տվել ռուսական մասնագիտական շրջանակներում։
«Կարծում եմ, որ մեծ հաշվով ռուսաստանյան հանրության համար, բացառությամբ Ռուսաստանի հայ համայնքի, այս հանդիպումը որևէ էական նշանակություն չի ունեցել։ Այն ներհայկական հետաքրքրություն ներկայացնող հանդիպում էր, և էֆեկտն, ըստ իս, այն էր, որ ոգևորվեցին Հայաստանի ռուսամետ ուժերը, ոգևորվեցին Հայաստանի փաշինյանասեր ուժերը, և այդ առումով, կարծես թե, բոլորը ստացան այն, ինչ որ կուզեին ստանալ Մոսկվայից և Պուտինի շուրթերով։ Մենք պետք է նկատի ունենանք նաև նախորդող իրադարձությունների համատեքստը, նկատի ունենանք այն, որ 2020 թվականից ի վեր Ռուսաստանի վարկը Հայաստանում էապես նվազել է, և Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը շարքային քաղաքացու մոտ բավականին լուրջ բացասական երանգներ է ստացել, և դա Մոսկվայում հնարավոր չէ, որ չիմանան»,- կարծում է Արման Մելիքյանը։
Ըստ դիվանագետի՝ այլ հարց է, որ ռուսական իշխանությունները սովոր են և սովորել են օգտագործել այլոց վերաբերմունքն իրենց նկատմամբ՝ ելնելով իրենց շահերից՝ լինի այն բացասական, թե դրական, և այս տեսանկյունից, Արման Մելիքյանի կարծիքով՝ Փաշինյանի իշխանավարությունը Հայաստանում որևէ խնդիր երբևէ իրականում չի առաջացրել Ռուսաստանի համար՝ ո՛չ երկկողմ մակարդակում, ո՛չ էլ միջազգային հարթակներում։
«Այն հռետորաբանությունը, որ կիրառվում է, հաճախ՝ մեղադրանքներ, հաճախ՝ դժգոհություններ, որևէ կերպ իրականում չի անդրադարձել հարաբերությունների պրակտիկ կողմի վրա։ Հիմա, եթե Ռուսաստանը գիտի, որ Հայաստանում իր նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած՝ վատթարացել է այս վերջին 5-6 տարիների ընթացքում, դա նշանակում է, որ այն անձինք, ում Ռուսաստանը սատարելու է, Հայաստանում այդ մարդկանց նկատմամբ վերաբերմունքը վատթարանալու է հենց այն պատճառով, որ նրանց սատարում է Ռուսաստանը, և ընդհակառակը, երբ տեսանելի էր, որ Ռուսաստանը խոսքերով դժգոհ է Փաշինյանից և անգամ ստորացնում է Փաշինյանին բոլորի աչքի առջև, սա կարող է ավելացնել Հայաստանում Փաշինյանի՝ եթե չասեմ՝ համակիրների, ապա՝ գոնե պրակտիկ աջակիցների թվաքանակը հենց միայն այն պատճառով, որ նրան ստորացնում է նախագահ Պուտինը»,- մեկնաբանեց Արման Մելիքյանը։
Նաև հավելեց՝ բոլոր դեպքերում այդ «ստորացումը» փոխադարձ էր, որովհետև Փաշինյանի կողմնակիցներն էլ համոզված են, որ Փաշինյանն իր պատասխանով Պուտինի «պորտը տեղը դրեց», այնպես որ՝ տեսախցիկների առջև տեղի ունեցած այս բանավեճից ոգևորված էին և՛ ռուսասերները, և՛ փաշինյանասերները։ Սրանք, իհարկե, գլխավորապես հանրային ընկալումներ են, բայց լրիվ այլ հարց է, թե որքանով դրանք կապ ունեն իրականության հետ։
Անցնելով Պուտին-Փաշինյան խոսակցության ընթացքում Արցախի հարցի արծարծմանը՝ Արցախի նախկին արտգործնախարարն ասաց հետևյալը. «Բոլոր դեպքերում ռուսական կողմի համար ամենևին ցանկալի չէ, որ Հայաստանում Ռուսաստանն ընկալվի՝ որպես Արցախը կործանող գերուժերից հիմնականը, և այդ է պատճառը, որ նրանք փոխադարձաբար Արցախի կործանման մեղքը դրեցին միմյանց վրա, և երկուսն էլ իրավացի են, որովհետև մեծ հաշվով միասին են Արցախյան խնդիրն կոնկրետ այս հանգուցալուծմանը հասցրել»։

Արման Մելիքյանի տպավորությամբ՝ Պուտինն ու Փաշինյանը, մեծ հաշվով, մեզ էին հիմարացնում Ղարաբաղի հետ կապված մեղադրանքներով, քան թե միմյանց։
«Իրականում ի՞նչ կապ ունի՝ Հայաստանը ճանաչե՞լ է Արցախի անկախությունը, թե՞ ոչ։ Ռուսաստանի սուվերեն իրավունքն էր քաղաքական մակարդակում իրավաբանորեն ձևակերպված ներկայացնել միջազգային հանրությանն իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ Իրականում Արցախը Ռուսաստանի փոքրիկ դաշնակիցն էր Հարավային Կովկասում, և այդ առումով Ռուսաստանը բազմիցս է ակնարկներ արել այդ մասին տարբեր քաղաքական գործիչների շուրթերով, հետևաբար՝ կապել Արցախի կործանումը Հայաստանի կողմից նրա անկախությունը չճանաչելու հետ, առնվազն կոռկետ չէ, այսինքն՝ դա Ռուսաստանի իրավունքն է՝ որոշել՝ Արցախը անկա՞խ է, թե՞ չէ, և պայմանավորել այդ անկախության ճանաչումը Հայաստանի վերաբերմունքով՝ ամենևին էլ ճիշտ չէ։
Նույնը վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, այսինքն՝ ի՞նչ կապ ունի՝ Ռուսաստանի ղեկավարն ինչ է հայտարարել։ Եթե ունես քո քաղաքականությունը և իրականում Արցախի անկախությունը ճանաչելու նպատակ ունես՝ ճանաչի՛ր։ Ինչո՞ւ ես պայմանավորում այդ ճանաչումը կամ Արցախի իրավունքների պաշտպանությունը Ռուսաստանի վերաբերմունքով»,- կարծում է Արցախի նախկին արտգործնախարարը։
Խոսելով Իրանի դեմ շարունակվող պատերազմի հնարավոր ելքերի մասին՝ Արման Մելիքյանը կարծում է, որ միայն երկու տարբերակ կա՝ կա՛մ Իրանն է պարտվելու, կա՛մ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում՝ Կրեմլում, տեղի էին ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Հանդիպման սկզբում Ռուսաստանի Դաշնության նախագահն իր խոսքում շոշափել էր մի շարք թեմաներ, այդ թվում՝ հայ-ռուսական հարաբերությունները, երկկողմ առևտրաշրջանառության ծավալները, որոնք, Պուտինի ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին կազմել են 6,4 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2024-ին՝ 11 մլրդ դոլար, Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինը՝ եվրոպական երկրներին վաճառվող գնի համեմատ, ԵԱՏՄ-ԵՄ անդամակցության անհամատեղելիությունը, ՀԱՊԿ-ի հետ կապված դժգոհություններն ու Արցախի հարցը, ներքաղաքական գործընթացները Հայաստանում և հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություննները։ Կրեմլի ղեկավարն ակնարկել էր ՌԴ քաղաքացիություն ունեցող Սամվել Կարապետյանի ազատազրկման մասին և հույս հայտնել, որ Հայաստանի «ռուսամետ տրամադրվածություն» ունեցող բոլոր քաղաքական կուսակցությունները կկարողանան մասնակցել ընտրություններին։
Փաշինյանը պատասխանել էր, որ «մեզ մոտ ազատազրկման վայրերում քաղաքական գործընթացների մասնակիցներ չկան», և, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք ունեն բացառապես հայկական անձնագիր։
«Москва. Кремль. Путин» ռուսական հեռուստատեսային հաղորդման ձևաչափով Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ փակ դռների հետևում Պուտինի և Փաշինյանի զրույցը տևել է մոտ երկու ժամ և եղել է «անկեղծ, օգտակար, անհրաժեշտ»։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։




