Թրամփը դեմ չէ Կուբային նավթի հումանիտար մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի առարկում Կուբային նավթի հումանիտար մատակարարմանը, այդ թվում՝ Ռուսաստանից։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։
«Մենք այնտեղ լցանավ ունենք…. Եթե որևէ երկիր ցանկանում է որոշ քանակությամբ նավթ ուղարկել Կուբա, ես խնդիր չունեմ դրա հետ՝ անկախ այն բանից՝ դա Ռուսաստանն է, թե ոչ», – ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ռուսական լցանավով Կուբա վառելիք ուղարկելու մասին հրապարակումները։
Նրա խոսքով, ինքը դեմ չէ, եթե Կուբան նավթ ստանա, քանի որ «նրանք պետք է գոյատևեն»։
Սակայն, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, դա չի օգնի Կուբայի ներկայիս ռեժիմին գոյատևել։
Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, հղում անելով տեղեկացված ամերիկացի պաշտոնյայի, ԱՄՆ-ի առափնյա պահպանության ծառայությունը թույլ կտա նավթահումքով բեռնված ռուսական լցանավին անարգել անցնել Կուբա, չնայած ԱՄՆ-ն փաստացիորեն շրջափակել է կղզուն վառելիքի մատակարարումը։
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը տարածաշրջանում ունի երկու պարեկային նավակ, որոնք կարող են փորձել կալանել ռուսական լցանավը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի կարգադրել որևէ միջոց ձեռնարկել։
Ինչպես նշում է թերթը, լցանավը, որը 730 000 բարել նավթ է տեղափոխում, կարող է նշանակման վայր՝ Մատանսաս նավահանգիստ հասնել արդեն մարտի 30-ին։
Ըստ հրատարակության՝ ամերիկացի վերլուծաբանները կարծում են, որ ռուսական նավի ժամանումը կփոխի Կուբայում արագ սրվող ճգնաժամի ընթացքը՝ կղզի պետությանը վառելիքով ապահովելով առնվազն մի քանի շաբաթ։
Կուբան վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ անգամ լիովին հոսանքազրկվել է՝ էներգետիկ ճգնաժամի պատճառով։



