Իմ ղեկավարման բանակն այնպիսին էր, որ Ադրբեջանը չէր համարձակվում հարձակվել. Քոչարյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ Բանակի օրվա ուղերձում առկա ձևակերպումներին։

«2000-2002թթ. ես ծառայել եմ այդ մարտունակ բանակում, այն, ինչ կատարվում էր Քոչարյանի կառավարման ժամանակ բանակում և Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած բանակում, մի խոսքով կարելի է ասել՝ կատարյալ բարդակ։

2000-2002թթ. զինվորները սոված էին, կար մեծաքանակ կոռուպցիա, զորամասում 3-4 ամիսը մեկ աղեստամոքսային համաճարակներ էին, սպայական անձնակազմի 90 տոկոսը բանտապահի տրամաբանության մեջ էին՝ զինվորներին ստորացնելով, ցավ պատճառելով, մեկը կար՝ ճաշարան մտնող երեխաներին, 18 տարեկան տղաներին ռետինե խողովակով ուղղակի հարվածում էր, ամեն բատալյոն ուներ իր հեղինակությունը, որը տղաներից գումարներ էր հավաքում, և այլն։

Գիշերները զինվորները փախնում էին Հոկտեմբերյան քաղաք՝ ուտելիք հայթայթելու։ Կիրակի օրերը տուլիկ էինք ստանում, դա ուրախության օր էր, շաբաթը մեկ անգամ էինք հաց ուտում»,- մասնավորապես, պատմել է Սիմոնյանը՝ ընդգծելով, թե իբր Քոչարյանի մարտունակ, չկոտրված բանակում նույնիսկ խմելու ջուր չկար։

Կարդացեք նաև

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրված ասուլիսի ժամանակ նրան հարց է ուղղվել Ալեն Սիմոնյանի այս հայտարարության առնչությամբ:

«Դուք Ալեն Սիմոնյանի ասածը հիմք եք ընդունում եզրակացության համա՞ր, զարմանում եմ, էդ մարդն ինչ ասես՝ դուրս չի տալիս: Ես զարմանում եմ, որ Ալեն Սիմոնյանի ասածը հիմք եք ընդունում և ձեր հարցի մեջ ապրիորի որպես հաստատված փաստ եք ներկայացնում՝ բանակի վիճակն Ալեն Սիմոնյանի շուրթերով: Սա նորմա՞լ է,- արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը և շարունակեց,- Իմ ղեկավարման բանակն այնպիսին էր, որ Ադրբեջանը չէր համարձակվում հարձակվել: Բանակաշինությունն այն ժամանակ է կայացել: Մեկը քարոզչական իմաստով ինչ-որ բաներ է խոսում, և ես հիմա պիտի նստեմ բացատրեմ, որ բանակն այն ժամանակ ավելի մարտունակ էր, քան հիմա՞»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս