Շուրջ 42.5 միլիոն դրամ՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում տաղավարի կառուցապատման աշխատանքների համար. ԲՏԱ նախարարությունը կմասնակցի հերթական ցուցահանդեսին
2026 թվականի մարտի 2-5-ն Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում կկայանա «Համաշխարհային բջջային կոնգրես 2026 (Mobile World Congress Barcelona 2026)» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը, որին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհատկացնի մի կլորիկ գումար:
Բավական է նշել, որ միայն այս ցուցահանդեսին տաղավարների կառուցապատման աշխատանքների համար մեկ անձ ընթացակարգով օտարերկրյա կազմակերպությանը՝ Nuevo Design Event Organizing LLC-ին, հատկացվել է 42 միլիոն 400 000 դրամ, որը պայմանագրում արտացոլվել է եվրոպական արժույթով՝ 94 հազար 700 եվրո:
Նախորդ տարեվերջին նախարարությունից տեղեկացրել էին «Համաշխարհային բջջային կոնգրես 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մասին, նշել, որ գերատեսչությունը նախատեսում է ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին որպես այցելու մասնակցել միջոցառմանը՝ ներկայացնելով իրենց կողմից առաջարկվող արտադրանքը, լուծումները, ինչպես նաև նոր գործարար կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ:
«Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը: Ավիատոմսի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու են ընտրված կազմակերպությունները»,- ասվում էր ավելի վաղ հրապարակված ռելիզում:
