Անդրեասյանը չասաց՝ Դահուկային ֆեդերացիայի նախագահի հեռացումը կապ ունի՞ «Ադրբեջան» անունը փակելու հետ
Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի դահուկային սպորտի նախագահ Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Այսօր Խորհրդարանում իշխանական պատգամավոր Նարեկ Բաբայանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով այս թեմային, մեջբերեց Գագիկ Սարգսյանի խոսքերը, որ «Հայաստանում դահուկային սպորտը չի կարող զարգանալ, եթե չկա պետական աջակցություն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետական աջակցություն չկա։
«Այս պաշտոնանկությունը կապվում է սկանդալի հետ, որտեղ Հայաստանի լեռնադահուկորդը միջազգային մրցաշարում ժապավենով փակել էր «Ադրբեջան» անվանումը, սա ի՞նչ կապ ունի»,- հետաքրքրվեց իշխանական պատգամավորը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով հարցին, ասաց՝ շատ տարօրինակ է, որ սպորտի աջակցության բացակայության մասին խոսքեր են հնչում այն պարագայում, երբ սպորտի ոլորտի ֆինանսավորումն անգամներով աճել է։
«2017 թվականին մասսայական սպորտի համար տարեկան հատկացվել է 207 մլրդ դրամ, այս տարի հատկացվել է 5,5 մլրդ դրամ։ Բարձր նվաճումների սպորտի գծով նույնպես էական աճ ունենք։ Հետևաբար՝ սպորտին աջակցությունն ավելին երբեք չի եղել պետության կողմից։ Սրա անբաժանելի մասն է նաև ձմեռային մարզաձևերը, 10 տարի ընդմիջումից հետո Ջերմուկում կայացել է համահայկական ձմեռային խաղերը։ Ձմեռային բոլոր մարզաձևերի ֆեդերացիաները ստացել են համապատասխան ֆինանսավորումը, դահուկային սպորտին հավելյալ ֆինանսավորում է տրվել՝ մասնավորի հետ համագործակցությամբ։ Դահուկային սպորտի ֆինանսավորումն այս տարի աճել է շուրջ 18 տոկոսով»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
