Թրամփի մաքսատուրքերի բեռը գրեթե ամբողջությամբ ընկնում է հենց ամերիկացիների վրա
Ամերիկացի ներմուծողներն ու սպառողները վճարում են այլ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի 96%-ը, հայտնում են Կիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) փորձագետները։ DW-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առաքված ապրանքների ավելի քան 25 միլիոն գրառում վերլուծած հետազոտողների կարծիքով՝ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո երկրի եկամուտներն աճել են մոտ 200 միլիարդ դոլարով, սակայն օտարերկրյա արտահանողները կլանել են այս բեռի միայն մոտ 4%-ը։
Արդյունքում, Թրամփի մաքսատուրքերը վճարում են ամերիկացի գնորդները՝ «ներմուծվող ապրանքների սպառման հարկի» տեսքով, կարծում են IfW-ի մասնագետները։ «Մաքսատուրքերը ինքն իրեն հասցված հարված են, — AFP գործակալությունը մեջբերում է IfW-ի հետազոտությունների գծով տնօրեն Յուլիան Հինցի խոսքերը։ — Այն պնդումը, թե այդ մաքսատուրքերի հիմնական ծանրությունն ընկնում է օտարերկրյա պետությունների վրա, միֆ է։ Տվյալները հակառակն են փաստում. ողջ ծախսերը վճարում են ամերիկացիները»։
