Թուրքիայի 2025թ. բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային մակարդակի
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը տվյալներ է հրապարակել 2025-ի կենտրոնական կառավարման բյուջեի կատարողականի վերաբերյալ, ըստ որի՝ բյուջեի դեֆիցիտը հասել է ռեկորդային մակարդակի:
Ըստ պաշտոնական տվյալների՝ եթե նոյեմբերին բյուջեն գրանցել էր 169.5 մլրդ լիրայի (թուրքական արժույթ) (4.2 մլրդ դոլար) ավելցուկ, ապա դեկտեմբերին պատկերը կտրուկ փոխվել է։
Միայն տարվա վերջին ամսում բյուջեի ծախսերը կազմել են 1.792 տրիլիոն լիրա (44.8 մլրդ դոլար), իսկ եկամուտները՝ 1.263 տրիլիոն լիրա (31.6 մլրդ դոլար), ինչի արդյունքում դեկտեմբերին արձանագրվել է 528.1 մլրդ լիրայի (13.2 մլրդ դոլար) պակասուրդ։
Ամբողջ տարվա կտրվածքով բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 14.6 տրիլիոն լիրա (365 մլրդ դոլար), իսկ եկամուտները՝ 12.8 տրիլիոն (320 մլրդ դոլար), ինչն էլ ձևավորել է 1.8 տրիլիոն լիրայի (45 մլրդ դոլար) տարեկան բացը։ 2025-ին հարկային եկամուտները գերազանցել են 11 տրիլիոն լիրան (275 մլրդ դոլար), իսկ ոչ հարկային եկամուտները կազմել են շուրջ 1.8 տրիլիոն լիրա։
Տնտեսագետների գնահատմամբ՝ առաջիկա շրջանում բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը «Համախառն ներքին արդյունքին» (ՀՆԱ) և տոկոսային բեռի աճը կմնան Թուրքիայի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը։



