Փաշինյանն իրեն «Թրամփիկ» է զգում. նա հետ կկանգնի, եթե հրաման լինի իր «տերերից». Լարիսա Ալավերդյան

Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցը դուրս մղելով քաղաքական օրակարգից՝ Հայաստանի գործող իշխանություններն ուղղակիորեն մասնակցում են նոր ցեղասպանության նախնական փուլին։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության և 1990 թ. Բաքվի հայկական ջարդերի 36-րդ տարելիցի թեմայի շուրջ։

«Դա գիտականորեն ապացուցել է ցեղասպանագետներից մեկը, որ ցեղասպանության ժխտումը տեղի է ունենում ոչ թե ցեղասպանությունից հետո, այլ ցեղասպանությունից առաջ։ Ես դա մշտապես պնդում էի՝ որպես փորձագետ։ Մենք պետք է հստակեցնենք, որ հիմա մենք մեր լռությամբ մասնակցում ենք ցեղասպանության մերժման գործընթացին, մենք մեծ մեղք ենք գործում։ Ցեղասպանությունը դուրս մղելով քաղաքական օրակարգից, ինչը փորձում է անել օրվա իշխանությունը, նրանք ուղղակիորեն մասնակցում են ցեղասպանության ինչպես նախնական փուլում, այնպես էլ՝ վերջնական, որովհետև դիտավորյալ կերպով մոռացության տալը նույն ժխտողականությունն է։

Հիշեցնեմ, որ ցեղասպանությունը, ըստ միջազգային քրեական դատարանի կանոնադրության, մարդկության դեմ հանցագործություն է, և երբ լռության եք մատնում կամ ուղղակի ժխտում եք այն, դուք ևս գործում եք մարդկության դեմ հանցագործություն»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Կարդացեք նաև

Իրավապաշտպանի խոսքով՝ ՀՀ-ն պաշտոնական մակարդակով երբևիցե չի ներկայացվել ամբողջական փաթեթ, որ Ադրբեջանը ճանաչվի՝ որպես ցեղասպանական սուբյեկտ։ Բոլոր դեպքերում Լարիսա Ալավերդյանը համոզված է, որ Ադրբեջանի «Նյուրնբերգը» դեռ առջևում է։

«Այսօր ևս ես կրկնում եմ՝ Ադրբեջանի «Նյուրնբերգը» դեռ առջևում է, և մենք պետք է անենք ամեն ինչ, որ դա կայանա», – հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։

Հայաստանի առաջին օմբուդսմենի կարծիքով՝ եթե նորանկախ Հայաստանի իշխանությունները և միջազգային հանրությունը պաշտոնապես ճանաչեին խորհրդային Ադրբեջանի ավելի քան 320 բնակավայրերում, այդ թվում՝ Սումգայիթում, Բաքվում, նախկին Կիրովաբադում (Գանձակում) և այլ խոշոր քաղաքներում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հայկական ջարդերը որպես ցեղասպանություն, հնարավոր է՝ չլիներ այն անտարբերությունը 2020 և 2023 թթ. Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության և էթնիկ զտումների նկատմամբ։

«Շատ ցավալի է՝ հատկապես Ադրբեջանից բռնի տեղահանված մարդկանց համար, որ կարծես թե Հայաստանում խորը առումով մոռացության է տրվել ցեղասպանության այդ գործողությունը, որը տեղի է ունեցել խորհրդային տարիներին։ Ես հիշեցնեմ, որ խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 1990 թվականին ընդունել է որոշում և դիմել է Կրեմլին, որտեղ բնութագրում է, որ Բաքվում տեղի է ունեցել ցեղասպանություն, և դիմում են Կրեմլին, որ պատշաճ ձևով պատժված լինեն թե՛ կազմակերպիչները, թե՛ իրականացնողները։ Բաքվի ամենամեծ ջարդերը եղել են 1988 թվականի նոյեմբերին, և այդ ժամանակ է, որ մոտ 250 հազար հայեր հայտնվել են Հայաստանում և ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Բաքվում 1990-ին տարբեր հաշվարկներով մնացել էր 25-30 հազար մարդ, և այդ 25-30 հազարի հանդեպ տեղի է ունեցել վայրագություն։ Ինչ է իրականում տեղի ունեցել՝ արդեն հստակ ապացուցված է, որ դա նախօրոք կազմակերպված և անպատիժ մնացած կոտորած էր։ Գրեթե 7-8 երկար ու ձիգ օր շարունակվում էին այդ վայրագությունները»,- պատմեց Լարիսա Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության հակաեկեղեցական արշավի մասին՝ անընդունելի համարելով մարդկանց անտարբերությունը.

«Հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ «ինչ ուզում՝ անում են»։ Ինչ ուզում՝ անում են, որովհետև բերել եք նրանց իշխանության՝ բոլորդ, ովքեր ժամանակին ցատկոտելով ինքնակոչ վանկարկում էիք. «Ե՛ս եմ վարչապետը»։

Հիշո՞ւմ եք դուք ձեզ այդ ժամանակները։ Ոչ մի բան չկա, մարդը սխալական է։ Սխալն ուղղե՛ք։ Երբ դուք այսօր չեք դիմադրում այդ ամենին, դա է ձեր այսօրվա սխալը։ Այսօր եք սխալվում, որ չեք դիմադրում, երբ թույլ եք տալիս, որ ձեր աչքի առաջ փորձում են քանդել համահայկական, ազգային եկեղեցին։ Ազգային է եկեղեցին, պետական չէ»։

«Մի՛ մոռացեք՝ ոչ մի պատմություն վերջ չի ունենում, պատմությունը վերջ չունի, պայքարը շարունակվում է։ Ինչո՞ւ եք մտածում, որ եթե 7,5 տարուց ավելի հաջողել են, այսպես ասած՝ ինքնակառավարչությունը, հակաիրավական, հակասահմանադրական գործունեությունը, այդպես միշտ հաջողելու են։ Կրկնում եմ՝ սա փողոցային շարժումներին ներհատուկ ձևերով է արվում։ Տեսեք՝ ովքեր են խոսում Եկեղեցու բարենորոգման մասին։ Կարո՞ղ է՝ Հայաստանն անծայրածիր Ռուսաստան է, կարո՞ղ է՝ մարդիկ չեն ճանաչում այդ նույն մարդկանց, կարո՞ղ է՝ չգիտեն, թե ինչու են դրժել իրենց Աստծուն։ Այդպես չէ։ Առաքյալներից ստացած եկեղեցին ոմն 10, 12, 14, 16 հոգի ուզում են դրժե՞ն։ Դուք առաքյա՞լ եք։ Դուք կյանքում՝ մինչև այս ամենը, եկեղեցի գնացած կա՞ք»,- հավելեց Ալավերդյանը։

Միջազգային իրավունքի մասնագետն ընդգծում է՝ Փաշինյանն իրավունքով չի գործում. «Որ Թրամփն էդպես ասել է, ինքն էլ իրեն «Թրամփիկ» է զգում»։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ եթե Փաշինյանը կալանավորի Կաթողիկոսին, Հայաստանը կդառնա թուրքական վիլայեթ։ Մասնագետի կարծիքով՝ Փաշինյանը հետ կկանգնի Եկեղեցու դեմ իր գործողություններից, եթե հրաման լինի իր «տերերի» կողմից։

«Այդ 16 հոգին Աստծուն են դավաճանել։ Բոլորն ասում են՝ Կաթողիկոսին են դավաճանել։ Այդպես չէ։ Նրանք իրենց խոստումը տվել են ոչ թե այդ մարդուն, այլ Աստծո առաջ։ Կամ նրանք կեղծ եկեղեցական են և ծանր, մահացու մեղքի ներքո են գտնվում, և բոլոր նրանք, ովքեր համաձայն են դրան, ես ձեր հետ եմ խոսում՝ մի՛ արեք դա, հե՛տ կանգնեք, որովհետև դուք էլ եք մահացու մեղքի կրող դառնում։ Ձեզ պե՞տք է դա։ Ուղիղ կանգնեք։ Աստծո առաջ ձեզ ճիշտ պահեք։ Հասկանո՞ւմ եք գոնե, որ դրա վրա է խաղում այս՝ փողոցով եկած և փողոցով գործող իշխանությունը։ Նա հետ կկանգնի, միայն, երբ իրեն հրամայեն իր տերերը դրսից։ Նա ունի տերեր, որոնցից ինքն ավելի է վախենում, քան որևէ այլ մեկից։ Ես հիշեցնեմ բոլորիդ, ովքեր մինչ այսօր ջատագովն եք Նիկոլի. դուք հիմա պաշտպանում եք երկրի հակառակ կողմը։ Չեք հիշո՞ւմ իր գիրքը՝ դա երկրի հակառակ կողմն է, և նա կգնա՝ ինչի ասես, եթե չստանա դրսից ամոթի ինչ-որ կտորներ կամ չտեսնի ժողովրդի կողմից հստակ, միասնական դիմադրություն»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ 2025 թ. հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում՝ Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, կասկածի տակ էր դրել Հայոց ցեղասպանության փաստը՝ ասելով, թե «պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել»: Արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը՝ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը դա գնահատել էր որպես թուրքական ժխտողականության նարատիվների շարունակություն:

Իսկ 2025 թ. մարտին Փաշինյանը թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս