«Միջազգային դատարան առայժմ չեմ դիմի, որովհետև մեր երկիրն է տեղից գնում, քահանաներ ու սրբազաններ են դատում ու լցնում բանտերը». Սամվել Մխիթարյան

Հուլիսի 9-ին տեղի է ունեցել 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում ծեծի ենթարկված և 2023 թվականի ամռանը մահացած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ կալանավորված Հարություն Գրիգորյանի խափանման միջոցն օրերս դատարանը կրկին փոխել է։ Դեռևս օգոստոսին Հարություն Գրիգորյանի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով, ինչն Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, բողոքարկել էր։

«Այդ անձը տնային կալանքի տակ էր, Վճռաբեկ դատարան դիմեցի, դատարանը բավարարեց իմ միջնորդությունը, այդ մարդուն կրկին տարել են բանտ։

Ես ձեզ դեռևս ամռանն եմ ասել, որ մեր իրավապահները բանտից մարդուն արձակուրդ են տրամադրում, նույն Հարություն Գրիգորյանին 2 անգամ արձակուրդ են ուղարկել։ Պատկերացնո՞ւմ եք, զինվորին արձակուրդ չեն տրամադրում, բայց որդուս սպանության մեջ մեղադրվողին արձակուրդ են տալիս։

Այս մասին խնդրում եմ անպայման բարձրաձայնեք։ Չնայած, որ բարձրաձայնեք՝ ինչ օգուտ, մեկ է՝ որևէ բան չի փոխվում։ Չեմ էլ կարծում, որ մեր բողոքները դատարանի որոշումների վրա ազդում են»,- 168.am հետ զրույցում նշեց Սամվել Մխիթարյանը։

Կարդացեք նաև

Չնայած իր ամենօրյա պայքարին, Սամվել Մխիթարյանը Հայաստանի իրավական համակարգից արդարադատություն չի ակնկալում։

«Մեր կյանքը վարի տալով, մեր նյարդերը քայքայելով՝ պայքարում ենք։

Միջազգային դատարաններ առայժմ չեմ դիմի, ասե՞մ ինչու, որովհետև մեր երկիրն է տեղից գնում, քահանաներ ու սրբազաններ են դատում ու լցնում բանտերը, միջազգային դատարան դիմելն ինձ ինչպե՞ս պետք է օգնի։ Այդ միջազգային դատարանն այս պահին չի կարողանում Սամվել Կարապետյանին ազատել բանտից։ Կրկնում եմ՝ Սամվել Կարապետյանի նման տղային են նստացրել սրանք, միջազգային դատարանը չի կարողանում ազատել։

Ես չգիտեմ՝ արդարությունն ինչպես պետք է վերականգնվի, ես ոչինչ չգիտեմ։ Բայց մենք մեր պայքարը չենք դադարեցնելու»,- ընդգծեց Սամվել Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով մի քանի տարի կոմայի մեջ մնալուց հետո 2023 թվականի փետրվարին մահացած փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով միակ դատապարտյալը` նախկին մարզպետ, այժմ ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն  Գրիգորյանը, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել, սակայն նորից ազատազրկվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), ինչպես նաև նույն օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, մեղադրանք էր առաջադրվել միայն 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել: Դեպքի հետ կապվում էր նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը:

Դեպքի ժամանակ ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։

Տեսանյութեր

Լրահոս