ՄԹ պաշտպանության պետնախարարը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ՄԹ-ի աջակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են կառավարությունից։

Փաշինյանը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։

Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը և Վերնոն Քոքերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Մասնավորապես, Վերնոն Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը։

Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ։

Տեսանյութեր

Լրահոս