Ինչո՞ւ է Փաշինյանը փորձում փոխել հայկական ազգային նույնականությունը. Քարնեգի կենտրոն

Վերջերս Հայաստանում բռնկվեց ևս մեկ մինի-սկանդալ. նոյեմբերի 1-ից Արարատ լեռան խորհրդանշական պատկերը հանվել է մուտքի դրոշմանիշից։

Սոցցանցերի օգտատերերը վրդովմունք հայտնեցին, որ դա հայկական նույնականությունը ոչնչացնելու Նիկոլ Փաշինյանի հերթական քայլն էր։ Ոմանք նույնիսկ ենթադրեցին, որ տեղի ունեցածը Թուրքիայի ճնշման արդյունք է և, հնարավոր է, սահմանը բացելու նախապայմաններից մեկը։ Հայաստանի կառավարությունը պատասխանեց, թե ճնշում չի եղել, և դրոշմանիշի փոփոխությունը «իրական Հայաստանի» հայեցակարգը խթանելու հերթական քայլ է։ Դրա մասին ասված է բեռլինյան Քարնեգի կենտրոնի հոդվածում։

Փաշինյանն այս հայեցակարգը ներկայացրել է այս տարվա փետրվարի 19-ին՝ այն ուրվագծելով ազգին ուղղված իր ուղերձի 14 կետերում (չնայած նա օգտագործել է «գաղափարախոսություն» բառը, որը հայերենում բացասական երանգ չունի, ինչպես անգլերենում կամ ռուսերենում)։ Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի վարչապետը երբեք առիթը բաց չի թողնում այդ հայեցակարգի մասին խոսելու համար։

Նա դիմում է տարբեր լսարանների՝ արևմտյան մոտիվացիոն հռետորների ոճով միկրոֆոնով շրջելով բեմում, իսկ էկրանին հիմնական թեզերով սլայդներ են ցուցադրվում: Փաշինյանը շնորհանդեսների ժամանակ սիրում է նաև օգտագործել visual aids՝ Հայաստանի ստվարաթղթե քարտեզ՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Նման ելույթների լսարանը բազմազան է, ներառյալ՝ նրանք, ովքեր, մեղմ ասած, Փաշինյանի անձով խանդավառված չեն, ինչպես, օրինակ, հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ։

Մի կողմ թողնելով նախկին կյանքում լրագրող և գրող ՀՀ վարչապետի («Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ») քնարական շեղումները, «իրական Հայաստանի հայեցակարգի» էությունը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիների համար առաջնահերթությունը չպետք է լինի պատմական հայրենիքի որևէ ամորֆ գաղափար, այլ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը։

Ինչպես Փաշինյանն է անընդհատ կրկնում, դա նախկին Հայկական ԽՍՀ տարածքն է, որը զբաղեցնում է 27,943 քառակուսի կիլոմետր: Այն չի ներառում այն ​​հողերը, որոնք մի ժամանակ կազմում էին պատմական Հայաստանը, բայց այժմ կազմում են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի կամ Վրաստանի մասը: Անհրաժեշտ է մեկընդմիշտ հրաժարվել պատմական հայրենիքը վերականգնելու երազանքից, որը ոչ միայն անիրատեսական է, այլև վնասակար է Հայաստանի համար, քանի որ խոչընդոտում է հարևանների հետ հարաբերությունների զարգացմանը։

Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջներին։ Դա չի նշանակում, թե Փաշինյանը և նրա կողմնակիցները կասկածի տակ են դնում ցեղասպանության փաստը, ինչպես նրանց հաճախ մեղադրում են։ Սակայն նրանք պնդում են, որ պետական ​​քաղաքականությունը պետք է կենտրոնանա ոչ թե անցյալի, այլ ապագայի վրա, այսինքն՝ ցեղասպանության ճանաչումը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը։

Նույն համատեքստում տեղի է ունենում ազգային խորհրդանիշների, օրինակ, Արարատ լեռան վերաիմաստավորվում։ Չէ որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում 1920 թվականի թուրք-հայական պատերազմից ի վեր։

Փաշինյանն «իրական Հայաստանի հայեցակարգը» կապում է իր ծրագրի այլ առանցքային կետերի՝ «խաղաղության օրակարգի» և «խաղաղության խաչմերուկի» հետ։ Էությունն այն է, որ Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները հարևանների հետ, ինչը նրան հնարավորություն կտա դառնալ տարանցիկ ուղիների խաչմերուկ, ապահովել երկարաժամկետ բարգավաճում և, իր հերթին, ավելի ամրապնդել խաղաղությունը հարևանների հետ։

Եվ այս ամենի վրա է հենվում նաև եվրոպական ինտեգրման գաղափարը, որը կառավարությունը վերջերս առաջ է մղում, թեև զգուշորեն: Ակնհայտ է, որ առանց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման, եվրոպական ինտեգրման մասին ցանկացած խոսակցություն կմնա միայն բարի ցանկություն: Մանավանդ հաշվի առնելով Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության նոր միտումները։

Վերջապես, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը կապված է Ռուսաստանից կախվածության նվազեցման հետ: Ժամանակի ոգով՝ Փաշինյանը և նրա դաշնակիցները սկսել են օգտագործել հակագաղութային հռետորաբանություն, թեև առայժմ խուսափում են Ռուսաստանին բացահայտ կերպով «գաղութարար» անվանելուց: Նրանք նախընտրում են քննադատել ոչ թե ժամանակակից Ռուսաստանը, այլ ցարական կամ խորհրդային իշխանությունը, ինչը, սակայն, հաճախ բավարար է Մոսկվային նյարդայնացնելու համար: Օրինակ՝ Փաշինյանի հայտարարությունը, որում նա մեղադրում է «ԿԳԲ»-ին Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հակամարտությունը բորբոքելու մեջ, արդեն իսկ առաջացրել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կտրուկ արձագանքը։

Մեծ հաշվով, «իրական Հայաստանի հայեցակարգը» հայ հասարակության պետականության և ազգային ինքնության պատկերացումներն այսօրվա Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը համապատասխանեցնելու փորձ է։

2020 թվականի պատերազմը և 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից հայերի վտարումը Երևանին ստիպեցին արմատապես վերանայել իր տեղն աշխարհում։ Սակայն դա գործնական փոփոխությունների վերածելը դժվար էր, քանի որ 2020 թվականից առաջ Հայաստանի արտաքին քաղաքականության կուրսը սերտորեն կապված էր ազգային ինքնության հայեցակարգի հետ, որը գերիշխում էր առնվազն 1990-ականների կեսերից։ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երկարատև փոփոխությունները անհնար էին առանց այն աշխարհայացքի փոփոխությունների, որը տասնամյակներ, եթե ոչ դարեր շարունակ առաջնորդել է հայ քաղաքական և մտավորական վերնախավին։

Փաշինյանի ներկայիս գործողությունները կարելի է դիտարկել որպես փորձ լուծելու այն դիլեման, որի առջև կանգնած է եղել Հայաստանը իր հետխորհրդային պատմության ընթացքում: Ազգային ինքնության հայեցակարգը, որը հիմք էր ծառայել հետխորհրդային Հայաստանի պետականաշինության համար, մեծ մասամբ հիմնված էր պատմական արդարության վերականգնման գաղափարի վրա: Դա նշանակում էր «միացում» (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորում) և 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում (ավելի արմատական ​​​​տարբերակով՝ պատմական Հայաստանի տարածքների վերադարձ):

Այս երկու գաղափարներն էլ կապված էին հարևանների հետ հակամարտության հետ, և հարևանների հետ հակամարտությունը Հայաստանին ստիպեց անվտանգության երաշխավոր փնտրել: Նման երաշխավոր, կարծես, գտնվեց Ռուսաստանում: Սակայն Մոսկվան մտադրություն չուներ որևէ մեկին անվճար պաշտպանել, ուստի անվտանգության աութսորսինգն աստիճանաբար հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը հսկայական ազդեցություն ձեռք բերեց Հայաստանում ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, տնտեսական և շատ այլ ոլորտներում:

1990-ականների հայկական վերնախավը հասկանում էր, որ Հայաստանի իրական անկախությունը պահպանելու համար այդ հակասությունը պետք է ինչ-որ կերպ լուծվի: Սակայն իրադարձությունների ընթացքը, և հատկապես Ադրբեջանի հետ պատերազմը, թելադրում էին իրենց տրամաբանությունը:

Հետևաբար, 1990-ականներին Հայաստանի կառավարության գործողություններն այժմ հակասական են թվում: Մի կողմից, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի հետ պայմանագրեր էր ստորագրում՝ ռազմական դաշինք, ռազմական բազա և Անվտանգուըթյան դաշնային ծառայության զորքերի ներկայություն հաստատելով Հայաստանի սահմաններին: Մյուս կողմից, նա բանակցություններ էր վարում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ և հանդես էր գալիս է Ադրբեջանի հետ փոխզիջման օգտին:

Տեր-Պետրոսյանի՝ նույնականության և հիշողության քաղաքականությունը ևս հակասական էր: Մի կողմից, նա հանժդես էր գալիս պատմական արդարադատության հայեցակարգի և հարևանների նկատմամբ տարածքային պահանջների դեմ և չէր աջակցում ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման արշավին: Մյուս կողմից, հենց նրա կառավարման օրոք էր, որ Առաջին Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի պատկերը որպես նոր հայկական պետության նույնականության հիմք սկսեց ձևավորվել: Ի վերջո, այդ հակասությունը դարձավ Տեր-Պետրոսյանի 1998 թվականին իշխանությունը կորցնելու պատճառներից մեկը:

Տեր-Պետրոսյանի անկումը նշան էր այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի հարցի վրա կառուցված նույնականությունը բարդացնում էր հարևանների հետ փոխզիջում գտնելու արդեն դժվար գործընթացը: Տեր-Պետրոսյանին հեռացրած Ռոբերտ Քոչարյանն ավելի կոշտ դիրքորոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Դա կոշտացրեց Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումները և, իր հերթին, ավելի ամրապնդեց Ռուսաստանի ազդեցությունը։ Հենց Ռոբերտ Քոչարյանը, որին Վլադիմիր Պուտինն անվանում էր իր ընկերը, Ռուսաստանը ձեռք բերեց Հայաստանի վրա ազդեցության հիմնական լծակներ տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտներում։

Քոչարյանի իրավահաջորդը՝ Սերժ Սարգսյանը, փորձեց վերականգնել հավասարակշռությունը՝ փորձելով կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով։ Սակայն, այդ բոլոր ջանքերը, միևնույն է, բախվեցին Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման անհնարինության հետ. Երևանի և Ստեփանակերտի վերնախավը պատրաստ չէր գնալ Բաքվի պահանջած զիջումներին։ Միևնույն ժամանակ, ամրապնդվեց ազգային նույնականության հայեցակարգը, որտեղ Լեռնային Ղարաբաղի և ցեղասպանության թեմաները կենտրոնական տեղ էին զբաղեցնում։

Երևանի դիրքորոշումը շատ չփոխվեց 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Չնայած Մոսկվայի ուղղությամբ ձեռնարկված որոշ համարձակ քայլերին, «հեղափոխական» կառավարությունն, ընդհանուր առմամբ, շարունակեց գործել այնպիսի մոդելի շրջանակում, որտեղ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը առաջնահերթություն էր, և դրա համար պատրաստ էր զոհաբերել ինքնիշխանության մի մասը։

Ամփոփելով՝ հայկական վերնախավը հաշտվեց Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանից կախվածության դիմաց փոխանակելու իրավիճակի հետ։ Սակայն, տարօրինակ կերպով, այդ կառուցվածքը ոչնչացրեց հենց ինքը՝ Մոսկվան։ Ամեն դեպքում, Հայաստանն այսպես էր ընկալում Ռուսաստանի խորթ վարքագիծը 2020-2023 թվականների իրադարձությունների ժամանակ, որոնք Երևանին ստիպեցին նոր դաշնակիցներ փնտրել և հաշտվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Իսկ հետո, նոր քաղաքականությունը պահանջում էր համապատասխան փոփոխություններ նույնականության հայեցակարգում, որը հիմքում ընկած էր Հայաստանի Երրորդ Հանրապետությանը։ Պատահական չէ, որ Փաշինյանը խոսում է «չորրորդ հանրապետություն» ստեղծելու և «ղարաբաղյան շարժման էջը փակելու» անհրաժեշտության մասին։

Եվ այստեղ խոսքը միայն նոր սահմանադրություն ընդունելու մասին չէ, որը Ադրբեջանը պնդում էր մինչև վերջերս։ Խնդիրն ավելի խորն է. պետք է փոխվի հետխորհրդային «երրորդ հանրապետության» նույնականությունը, որը ծնվել է ղարաբաղյան շարժումից և անբաժանելիորեն կապված է եղել դրա հետ։

Ի՞նչ հնարավորություն ունի Փաշինյանը համոզելու հայ հասարակությանն ընդունել «իրական Հայաստանի հայեցակարգը»։ Առաջին հայացքից նախագիծը թվում է չափազանց հավակնոտ։ Ի վերջո, այն գաղափարները, որոնց դեմ Փաշինյանը բանավեճի մեջ է մտնում, վաղուց ի վեր հայ ազգային նույնականության հիմքն են։ Դրանք մարմնավորված են կրթական համակարգում, պետական ​​և հասարակական ծեսերում, հիշողության քաղաքականության մեջ, գրականության և արվեստի մեջ։ Այս ամենի կտրուկ վերանայումը չի կարող չառաջացնել մերժում, հատկապես մտավորականության շրջանում, որը հին հայեցակարգի կրողն է։

Պատմական արդարության և ցեղասպանության ճանաչման թեմաները հատկապես կարևոր են սփյուռքի համար, որտեղ հայկական ինքնությունը հաճախ հիմնված է դրանց վրա, քանի որ այլ մարկերներ, ինչպիսին է լեզուն, կամ կորել են, կամ գտնվում են անհետացման եզրին: Հետևաբար, զարմանալի չէ, որ Փաշինյանի գրեթե յուրաքանչյուր հայտարարություն «իրական Հայաստանի» թեմայով քննադատության փոթորիկ է առաջացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ հատկապես սփյուռքում։

Ընդսմին, չնայած Փաշինյանի հայեցակարգի առջև ծառացած բոլոր դիմադրությանը, Վաշինգտոնում Ադրբեջանի հետ կնքված համաձայնագրերը զգալիորեն ամրապնդել են Հայաստանի ներկայիս ղեկավարության դիրքերը: Եվ հայկական ընդդիմությունը որպես այլընտրանք քիչ բան ունի առաջարկելու, չհաշված հույզերը։

Քանի դեռ մտավորականությունն ու սփյուռքը վրդովված են Փաշինյանի նոր մոտեցումից, Հայաստանի բնակչության զգալի մասը քվեարկում է նրա կուսակցության օգտին, թեև նախկինում եղածից պակաս ոգևորությամբ: Օրինակ՝ վերջերս Հայաստանի խորհրդանշական կարևոր քաղաքներից մեկում՝ Վաղարշապատում (նախկինում՝ Էջմիածին) անցկացված ընտրություններում Փաշինյանի կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ: Դեռ վաղ է կանխատեսել 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, բայց «ՔՊ» կուսակցության հաղթանակի հնարավորությունները, կարծես, բավականին բարձր են։

Նույնիսկ եթե Փաշինյանը պարտվի, հիպոթետիկ նոր կառավարությունը մանևրելու համար քիչ տեղ կունենա: Ադրբեջանի հետ հարաբերություններում վրեժխնդրության իրական հեռանկարներ չկան: Մինչդեռ, հայ հասարակության մեջ աստիճանաբար ձևավորվում է կոնսենսուս, որ նախորդ տասնամյակների քաղաքականությունը 2020-2023 թվականների ողբերգության հիմնական պատճառներից մեկն էր։

Շատ հայեր չեն ցանկանում ընդունել նոր իրականությունը, բայց վաղ թե ուշ ստիպված կլինեն դա անել: Եվ ինչպես հաճախ է լինում, կորուստներն ընդունելը նոր հնարավորություններ է բացում: Հայաստանի նման փոքր պետությունները ստիպված է գոյատևել համաշխարհային անկայունության պայմաններում: Եվ էվոլյուցիայի տեսությունը մեզ սովորեցնում է, որ գոյատևում են ոչ թե ամենաուժեղները, այլ նրանք, ովքեր նոր պայմաններին ավել լավ են հարմարվում:

Տեսանյութեր

Լրահոս