Բաժիններ՝

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը․ փաստաբան

ՀՀ քննչական կոմիտեից էլեկտրոնային փոստի միջոցով այսօր ստացա ծանուցում այն մասին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է։ Քննչական կոմիտեն, հաշվի առնելով, որ այդ որոշումն ու եզրակացությունն իրավաչափորեն առնչվում են Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին (իրենք են ուղիղ նշել), առաջարկել է ներկայանալ քննչական կոմիտե։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Այս առնչությամբ հայտարարում ենք.

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝

1) քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։

2) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, որի հնարավորությունից քննիչը զրկել է։

3) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և/կամ նրա փաստաբանն իրավունք ունեին ներկա լինելու փորձաքննության կատարմանը, որի հնարավորությունից քննիչը զրկել է։

4) Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իրավունք ուներ պարզաբանումներ տալու փորձագետին, որի հնարավորությունից քննիչը զրկել է,

և մի շարք այլ իրավունքներ, որոնցից քննիչը ապօրինաբար զրկել է։

Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն նրանք փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման նույն օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։

Նկատի ունենալով նաև, որ քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»,-նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս