Վճռական օրեր են. տխուր բաներ լինելու են. Մարինե Պետրոսյանը գիտի՝ ինչպես հաղթել Փաշինյանին

Հայաստանը ոտքի կկանգնի, եթե գտնվի այն առանցքը, որի շուրջ կհավաքվեն բոլորը։ Իսկ եթե մենք ոչինչ չանենք, պարզ է, որ դրսից փորձում են որոշել Հայաստանի ճակատագիրը. 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումների և Եկեղեցու դեմ արշավի մասին։

Մարինե Պետրոսյանն արձանագրում է, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն փորձում է քանդել Հայ Առաքելական եկեղեցին՝ որպես հայոց հնագույն կառույց և հայ ինքնության հենասյուներից մեկը։

«Մենք՝ որպես ազգ, փորձության մեծ ժամ ենք ապրում։ Իհարկե, նոր չի սկսվել, բայց հիմա, կարծես թե, բարձրակետն է՝ այն, ինչ կատարվում է Եկեղեցու հետ…, Արցախի հետ, գիտենք՝ ինչ կատարվեց։ Ինքս Եկեղեցուն մոտ մարդ չեմ եղել և, ճիշտն ասած՝ ակնկալիքներ չունեի Եկեղեցուց։ Երբ այս ամբողջ ողբերգությունը սկսվեց, կարծում էի՝ ամենամեծ դիմադրությունը բանակից պիտի գար, տրամաբանորեն ինձ այդպես էր թվում։ Ցավոք, այդպես չեղավ. բանակը դիմադրություն չկարողացավ կազմակերպել, քաղաքական դաշտն էլ թուլացած է, բայց հանկարծ Եկեղեցին դիմադրություն կազմակերպեց, և դա վերջին տարիների միակ ուրախ անակնկալն է ինձ համար։ Չգիտեմ՝ ինչ կլինի։

Բոլորս տեղյակ ենք՝ ինչ է կատարվում. ամենամեծ փորձությունը, ամենամեծ վտանգը Եկեղեցու առաջ է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն քանդում է Եկեղեցին, Հայոց Եկեղեցին է քանդում, այն կառույցը, որ մենք դարերով պահել ենք։ Չգիտեմ՝ տեղն ինչ է ուզում սարքել։ Սարսափելի բան է, որ մարդիկ կան, որ աջակցում են Եկեղեցու դեմ այս արշավին»,- մեկնաբանեց բանաստեղծը։

Մարինե Պետրոսյանը դժվարանում է կանխատեսել՝ մոտակա օրերին ինչ կլինի, բայց համոզված է, որ ինչ էլ լինի՝ Հայ Եկեղեցին երբեք չի կործանվի։

«Գիտեմ, որ վճռական օրեր են։ Հույս ունեմ, հավատում եմ, որ մեր Եկեղեցին հաղթանակով դուրս կգա։ Մեր Եկեղեցին այդքան թույլ կառույց չէ։ Երանի՜ չկարողանա հաջողել։ Տխուր բաներ լինելու են, չեմ կարող ասել՝ ամեն ինչ լավ է, բայց վերջնական Նիկոլ Փաշինյանը չի կարող հաղթել այդ դաշտում։ Եթե Եկեղեցին այս ամենից դուրս գա, նա դուրս կգա ուժեղացած»,- նշեց նա։

Անդրադառնալով ամիսներ առաջ իր կողմից բարձրացված հարցին՝ «ինչպե՞ս անենք, որ գալիք ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ», Մարինե Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հաղթել միայն պոզիտիվ գաղափարներով։

Մարինե Պետրոսյանը դեմ չէ քաղաքական դաշտի սերնդափոխությանը կամ, այսպես ասած՝ նոր ուժերի ի հայտ գալուն, բայց հիշելով 1988-ի Արցախյան շարժումը՝ ընդգծում է, որ եթե նոր ուժ գա, այդ նոր ուժը պետք է ինչ-որ առանցք ունենա։

«Ես ուզում եմ՝ այդ ՄԵՆՔ-ը հավաքենք։ ՄԵՆՔ-ն իրականում կա, բայց պետք է նաև այդ առանցքը գտնենք, որի շուրջ հավաքվենք։ Այսինքն՝ պոզիտիվը։ Շատերն ասում են՝ ՄԵՆՔ-ը նրանք են, որոնք այս պահին հասկանում են վտանգը, դիմադրում են Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, դրա մեջ ճշմարտություն կա։ Բայց եթե ճիշտ եմ հասկանում մարդկանց հոգեբանությունը, միայն այդպես կարող է Նիկոլ Փաշինյանը հաղթել, որովհետև ինքը նեգատիվի վարպետ է։ Երբ իրեն ես ներկայացնում նեգատիվ, ինքն էլ՝ նախկիններին։ Նա կգտնի այդ ձևը, նա այդ նեգատիվ կռվի վարպետ է, իրեն դժվար է գերազանցել այդ հարցում։

Բայց պոզիտիվի դաշտում, իմ կարծիքով, կպարտվի։ Թեև նա պոզիտիվն էլ է փորձում շահարկել՝ «խաղաղություն», «լավ ապրել» և այլն։ Սակայն այն մե՜ծ պոզիտիվը, որը նկարագրում էի, նա չունի։ Նա խաղում է ինչ-որ մի շերտի վրա, բայց ազգի ճակատագիրն այդ շերտը երբեք չի կարող որոշել։ Իսկ մտքի մարդիկ շատ չեն լինում։ Երբ հարցրեցիք՝ մտավորականությունն ո՞ւր է, քանակով չէ։ Եթե գտնվի այդ առանցքը, մենք ոտքի կկանգնենք։ Ես շատ եմ տեսել անհույս վիճակում այդ բարձրացումը։ Մեկ է, ես հավատում եմ, որ մեր առանցքը կա»,- կարծում է Մարինե Պետրոսյանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս