Միասնական աղոթք կատարվեց անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, թեմն այսօր միասնական աղոթքի էր մեկտեղվել Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի Սուրբ Խաչ եկեղեցում կատարվեց միասնական ժամերգություն: Թեմի հոգևոր դասն ու հարյուրավոր հավատացյալներ միասնական աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված Հայոց Հայրապետի կենաց արևշատության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, այս օրերին անաատության մեջ հանիրավի գտնվող թեմի Բարեխնամ Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Բագրատ և Միքայել Սրբազանների, Գարեգին քահանայի, անազատության մեջ գտնվող բոլոր հայորդիների համար:

Ժամերգության ավարտին իր խոսքը ներկաներին ուղղեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր սպասավոր՝ Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Քոչարյանը: Տեր Հայրը պատգամեց ներկաներին այս օերին, առավել քան երբևէ, ապրել աղթական կյանքով, հավատարիմ մնալ Սուրբ Եկեղեցուն և հավելեց.
«Այս ճանապարհը մեզ համար կարևորենք՝ հաստատուն, հավատարիմ ու միախորհուրդ լինենք, չզիջենք հավատքի նկատմամբ ոչ մի տեսակ ոտնձգություն, որ կփորձվի ավարտել մեր Աստվածպաշտությունը, մեր հայրերի ժառանգած այս սրբազան Ճանապարհը: Եվ այս պայքարը մարմնի կռիվ չէ. այս պայքարը միախորհուրդ լինել և աղոթելն է, միասին խնդրելն է նույն բանի համար: Թող Տերը զորացնի և հաստատահիմն դարձնի, որպեսզի Պողոս առաքյալի խոսքը մեզ համար կատարվի, որ ասաց. ‹‹Ձեր անունները գրված է Աստծո գրքում»: Մենք երանելի կլինենք, որ այս փորձությունների և դժվարությունների մեջ մեր ճանապարհը հանգեցնի նրան, որ մենք Տիրոջ Արքայության գրքի մեջ գտնենք մեր անունները»:
Միասնական ժամերգությունն ավարտվել է Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով:
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ին միասնական ժամերգությունը տեղի կունենա Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

