«Հայաստանի Pro Bono (անվճար) Իրավական Համագործակցային Նախագիծը» ճանաչվել է PILnet-ի` 2025 թվականի Գլոբալ Մրցանակի հաղթող
Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնը հպարտությամբ հայտարարում է, որ իր «Հայաստանի Pro Bono Իրավական Համագործակցային Նախագիծը» ճանաչվել է PILnet-ի 2025 թվականի Գլոբալ Մրցանակի հաղթող «Գլոբալ Գործընկերություն»անվանակարգում։
PILnet-ի մրցանակները շնորհվում են այն բացառիկ իրավական նախաձեռնություններին, որոնք իրականացվել են համաշխարհային մակարդակով և նպաստում են սոցիալական փոփոխություններին, քաղաքացիական հասարակության հզորացմանը և հանրային շահերի արդյունավետ պաշտպանությանը։
«Հայաստանի Pro Bono Իրավական Համագործակցային Նախագիծը» իրականացվել է միջազգային առաջատար իրավաբանական ընկերությունների՝ Orrick, Baker McKenzie, Simmons & Simmons և Reed Smith, ինչպես նաև տեղական կազմակերպությունների և իրավապաշտպանների հետ համագործակցությամբ։
Նախագծի նպատակն էր ապահովել իրավական աջակցություն այն էթնիկ հայերին, ովքեր բռնի կերպով տեղահանվել են Արցախից (Լեռնային Ղարաբաղից)՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրան հաջորդած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով։
«Արցախ Միություն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ՝ նախագիծը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացրել է դիմումներ 173 զոհերի անունից։ Նախագիծը համախմբել է ավելի քան 120 կամավոր իրավաբանների տարբեր երկրներից, ովքեր իրավապաշտպան Արա Ղազարյանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպան՝ Գեղամ Ստեփանյանի հետ միասին, պատրաստել և ներկայացրել են 113 գանգատ:
Դիմումները վերաբերում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքների խախտումներին, մասնավորապես՝ վերադարձի, սեփականության, ընտանեկան կյանքի և արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքներին։
Ընդամենը երեք ամսվա ընթացքում կատարվել է ավելի քան 1,600 ժամ անվճար իրավաբանական աշխատանք, ինչը վկայում է, որ համակարգված և համատեղված իրավական գործողությունները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ հումանիտար ճգնաժամերի պայմաններում։

«PILnet-ի այս բարձր գնահատականը ընդգծում է իրավաբանների համերաշխության և համագործակցության կենսական կարևորությունը հումանիտար ճգնաժամերի պայմաններում», — նշել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի տնօրեն Սիրանուշ Սահակյանը։
«Մեր համատեղ աշխատանքը ապացուցում է, որ երբ իրավաբանները միավորում են ուժերը՝ ազգային սահմաններից դուրս պաշտպանելու մարդուն արժանապատվությունն ու արդարությունը, նրանց ներդրումը կարող է ունենալ թե՛ անմիջական, թե՛ երկարաժամկետ ազդեցություն»։
«Արցախ միություն» ՀԿ-ի նախագահ Արտակ Բեգլարյանը նշում է. «Այս մրցանակի ստացումը՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները պաշտպանելու հրատապ անհրաժեշտության ճանաչումն է։ Այն միջազգային հանրության ուշադրությունը սևեռում է մեր դժվարությունների վրա: Նման գնահատանքի արժանանալը ամրապնդում է մեր շարունակական ջանքերը՝ ապահովելու իրավական պաշտպանություն և հաշվետվողականություն»։
PILnet-ի Գլոբալ Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է 2025 թ. նոյեմբերի 13-ին, Հռոմում, որտեղ ներկայացվել և գնահատվել են աշխարհում իրականացվող նորարարական և բարձր ազդեցություն ունեցող pro bono իրավական նախագծեր։ Հայկական կողմը մրցանակաբաշխությանը ներկայացնում էր մարդու իրավունքների մասնագետ Արփի Ավետիսյանին:
Վերջինս իր խոսքում նշում է. «Այս Նախագիծը ավելին է, քան հասանելիություն արդարադատությանը դիմումատուների համար: Այն հույսի փարոս է տասնյակ հազարավոր Արցախից (Լեռնային Ղարաբաղից) բռնի տեղահանված արձանց համար»:
Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնը խորին շնորհակալություն է հայտնում իր բոլոր գործընկեր կազմակերպություններին, իրավաբանական ընկերություններին, կամավորներին և մասնագետներին՝ այս նախաձեռնության իրականացման գործում իրենց նվիրվածության և մասնագիտական ներդրման համար։
Կենտրոնը նաև հատուկ շնորհակալություն է հայտնում մարդու իրավունքների մասնագետ Արփի Ավետիսյանին, որի հետևողական և նվիրված աշխատանքը վճռորոշ է եղել տեղական ու միջազգային գործընկերների արդյունավետ համագործակցության կազմակերպման և ծրագրի հաջող իրականացման գործում։
Այս մրցանակը վերահաստատում է Միջազգային և Համեմատական Իրավունքի Կենտրոնի թիմի անշեղ հանձնառությունը՝ կիրառելու իրավունքը որպես պատասխանատվության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության ապահովման հզոր գործիք։
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հետ համագործակցությամբ։

