Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը. Զելենսկի
«Մեր ներկայացուցիչները գիտեն, թե ինչպես պաշտպանել Ուկրաինայի ազգային շահերը և ինչ է անհրաժեշտ՝ կանխելու համար Ռուսաստանի կողմից երրորդ ներխուժումը, Ուկրաինայի վրա ևս մեկ հարձակումը՝ ճիշտ այնպես, ինչպես այն անցյալում բազմիցս հանցագործություններ է կատարել մեր ժողովրդի և այլ ժողովուրդների դեմ», – ասաց նախագահը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, առաջիկա օրերին Շվեյցարիայում կսկսվեն Ուկրաինայի և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների միջև խորհրդակցություններ՝ ապագա խաղաղության համաձայնագրի հնարավոր պարամետրերի վերաբերյալ։
«Սա վերջին օրերին ընթացող երկխոսության հաջորդ փուլն է, որը, առաջին հերթին, նպատակ ունի համաձայնեցնել հետագա քայլերի տեսլականը», – գրել է Ումերովը ֆեյսբուքյան էջում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ձևավորել է պատվիրակություն՝ մասնակցելու ԱՄՆ-ի և Ուկրաինայի այլ միջազգային գործընկերների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ բանակցություններին: Պատվիրակությունը կգլխավորի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:

