Երևանի քաղաքապետարանը հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակներով զբաղեցված հատվածներում կայանելու համար
Երևանում շարունակվում են ապօրինի տեղադրված կանգնակների և արհեստական խոչընդոտների նկատմամբ ուժեղացված վերահսկողությունները. հայտնում են քաղաքապետարանից:
Ըստ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ ավտոկայանատեղիների հատվածում պատահական քաղաքացիների կամ տնտեսվարողների կողմից տեղադրված կանգնակները խոչընդոտում են ինչպես երթևեկությանը, այնպես էլ օրինական կայանմանը։
Խնդրի լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը Ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ պարբերաբար իրականացնում է ստուգայցեր։
Ստուգայցի ընթացքում կազմվել են բազմաբնույթ վարչական արձանագրություններ, իսկ հայտնաբերված արհեստական խոչընդոտները՝ մետաղական ձողեր, արկղեր, վահանակներ և այլ իրեր, առգրավվել ու տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք։
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ստուգայցերը շարունակական են և քաղաքացիներին հորդորում է չվճարել ապօրինի տեղադրված կանգնակների հսկողությամբ զբաղեցված տարածքներում կայանելու համար, քանի որ դրանք չունեն որևէ իրավական ուժ։

