Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ԱԱԾ մեկուսարանից դիմել է ժողովրդին.

«Սիրելինե՛ր, նախ ցանկանում եմ իմ և 17 արդարների անունից շնորհակալություն հայտնել երեկվա համախումբ աջակցության և զորակցության համար՝ մեծապես գնահատելով բոլոր նախաձեռնողներին, բանախոսներին և բոլոր մասնակիցներին: Հստակ է, որ այսօր գերության և պատանդառության մեջ է ողջ Հայաստանը՝ բոլոր շերտերով, հետևաբար ձեր ցուցաբերած զորակցությունը ոչ թե մեր մասին է, այլ մեր երկրի ազատագրության:

Այո՛, մենք գերեվարված ենք և պատանդառված թշնամու կողմից, բայց մեր հայրենիքն ավելին է քան մենք: Երեկ դատարանում տեղի ունեցածը Լիդյա Մանթաշյանի և Մովսես Շարբաթյանի նկատմամբ դրա վառ ապացույցն է:

Հատկապես, Լիդյայի վերաբերյալ կայացրած որոշումով դատարանը ևս մեկ անգամ փաստեց իր հրահանգավորված և կամակատար լինելու մասին՝ ևս մեկ մեխ խփելով առկա արդարադատության դագաղին:

Ինչ էլ որ անեք, ինչպես էլ վարվեք միևնույնն է՝ այս պայքարը անվարան շարունակվելու է մինչև մեր երկրի կատարյալ ազատագրումը: Իսկ Լիդյան իր բարձր նկարագրով կա և մնալու է այս ազատագրական պայքարի շղթայված և հաղթանակող խորհրդանիշը:

Իսկ կամակատարների և զրպարտողների մասին դարձյալ կրկնեմ. «Վա՜յ նրանց, ովքեր անարդար օրենքներ են հաստատում, չար գործեր են արձանագրում և նրանց, ովքեր ճնշող որոշումներ են ընդունում»։ (հմմտ. Եսայի 10:1)

Զորացե՛ք, սիրելի ժողովուրդ, մի՛ երկնչեք, մի՛ վախեցեք ոչնչից, որովհետև «մեր երազանքներն ու իղձերն ավելի մեծ են, քան մեր կյանքի օրերը»:

Հաղթանակն այլընտրանք չունի…

Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»:

Տեսանյութեր

Լրահոս