Ռուսաստանը պատրաստվում է պատասխան միջոցներ ձեռնարկել Նորվեգիայի դեմ
Ռուսաստանը պատրաստ է պատասխան միջոցներ ձեռնարկել ռուսական տնտեսական գոտի մտնող նորվեգական նավերի դեմ, եթե ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները վերացնելու վերաբերյալ համաձայնության պայմանագիր չստորագրվի: Այս մասին, ինչպես գրում է ТАСС-ը, հայտարարել է Ձկնորսության դաշնային գործակալության պետի տեղակալ Վասիլի Սոկոլովը։
Հուլիսին Նորվեգիայի իշխանությունները պատժամիջոցներ կիրառեցին ռուսական «Норебо» և «Мурман Сифуд» ձկնորսական ընկերությունների նկատմամբ: Կառավարության որոշման մեջ նշվում է, որ «այն համապատասխանում է Նորվեգիայի անվտանգության քաղաքականության շահերին»:
Սոկոլով ընդգծել է որ Մոսկվան կբարձրացնի ռուսական ընկերությունների դեմ անօրինական պատժամիջոցների հարցը։ Նա Օսլոյի որոշումը որակել է որպես համաձայնագրերով սահմանված պարտավորությունների խախտում։ Պաշտոնյայի խոսքով, եթե փոխադարձաբար ընդունելի լուծում չգտնվի, Ռուսաստանը ստիպված կլինի կիրառել պատասխան միջոցներ, իսկ նորվեգական նավերին կարգելվի մուտք գործել Ռուսաստանի տնտեսական գոտի։

