ՄԱԿ-ն ընդունել է բանաձև 2026-ի ձմեռային Oլիմպիական խաղերում զինադադարի վերաբերյալ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որը կոչ է անում Oլիմպիական զինադադար հաստատել 2026 թվականի Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Խաղաղ և ավելի լավ աշխարհի կառուցում սպորտի և օլիմպիական իդեալների միջոցով» խորագրով բանաձևի նախագիծն ընդունվել է կոնսենսուսով։
«Մենք պետք է համատեղ աշխատենք սպորտը քաղաքականությունից առանձնացնելու համար։ Սա նշանակում է, որ մարզիկները պետք է կարողանան ճանապարհորդել ընդունող երկրներ և մրցել, այլ ոչ թե բախվել քաղաքական պատճառներով վիզաների մերժման պատճառով տանը մնալու սպառնալիքին», – քվեարկությունից առաջ ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Քիրսթի Քովենթրին։
Փաստաթուղթը բաղկացած է ինը կետից, որոնցից առաջինը կոչ է անում պահպանել օլիմպիական զինադադարը Օլիմպիական խաղերի մեկնարկից յոթ օր առաջ մինչև Պարալիմպիկ խաղերի ավարտից հետո յոթ օր ընկած ժամանակահատվածում, ինչպես նաև ապահովել մարզիկների, պաշտոնյաների և բոլոր մյուս հավատարմագրված անձանց անվտանգ անցումը, մուտքը և մասնակցությունը։
Բանաձևը նաև «կոչ է անում բոլոր անդամ պետություններին համագործակցել Միջազգային օլիմպիական կոմիտեի և Միջազգային պարալիմպիկ կոմիտեի հետ՝ սպորտը որպես գործիք օգտագործելու՝ հակամարտություններից տուժած տարածքներում խաղաղությունը, երկխոսությունը, հանդուրժողականությունը և հաշտեցումը խթանելու համար՝ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերի ընթացքում և դրանից հետո»։
2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում։

