Ամեն տարի 1,4 միլիոն մարդ է մահանում սանիտարահիգիենիկ վատ պայմանների պատճառով. ԱՀԿ

Սանիտարական պայմանների, հիգիենայի և մաքուր ջրի անբավարար հասանելիությունը տարեկան 1,4 միլիոն մարդու կյանք է խլում, հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պետություններին կոչ անելով ներդրումներ կատարելու այդ ոլորտում։

Նոյեմբերի 19-ին նշվող Համաշխարհային զուգարանի օրվա կապակցությամբ ԱՀԿ-ն իր կայքում հրապարակված հայտարարության մեջ ընդգծել է, որ անվտանգ սանիտարական պայմանները հիմնարար նշանակություն ունեն մարդու առողջության և արժանապատվության համար։ «Յուրաքանչյուր համայնքում զուգարանը մարդկանց պաշտպանում է հիվանդություններից և պահպանում է շրջակա միջավայրը»,- նշել է կազմակերպությունը,- Այնինչ, այսօր 3,4 միլիարդ մարդ ապրում է առանց անվտանգ զուգարանի։ Ամեն տարի 1,4 միլիոն մարդ մահանում է ջրի, սանիտարական պայմանների և հիգիենայի անբավարար հասանելիության պատճառով»,,- նշել է կազմակերպությունը։

«Կլիմայի փոփոխությունը «սրում է խնդիրը», շարունակել է ԱՀԿ-ն։ Կազմակերպության տվյալներով՝ ջրհեղեղներն ու երաշտները վնասում են սանիտարական համակարգերը և աղտոտում ջրի աղբյուրները՝ «ամենախոցելի մարդկանց ենթարկելով ամենամեծ ռիսկի»։

Բոլորի, ներառյալ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ողջամիտ արժեքով զուգարանների ապահովումը «ոչ միայն խելացի քաղաքականություն է», այլև «բարոյական պարտավորություն», ընդգծված է հայտարարության մեջ։ ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել «ներդրումներ անել ապագայի պահանջներին համապատասխանող զուգարանների համար» և ապահովել, որ «ամեն մարդ, որտեղ էլ լինի, անվտանգ սանիտարական պայմանների հույս ունենա»։

Տեսանյութեր

Լրահոս