Աղոթքի նախաճաշին մասնակցում են նաեւ «Կյանքի խոսքից». «Առավոտ»

Այսօր եւ վաղը Երևանում անցկացվող «Աղոթքի նախաճաշին» մասնակցելու հրավեր են ստացել նաեւ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչները: Այս կազմակերպության հոգեւոր հովիվ Արմեն Լուսյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց, որ ինքը մասնակցելու է նախաճաշին:

«Աշխարհում ընդունված պրակտիկա է: Հատկապես ԱՄՆ-ում է տեղի ունենում ազգային «աղոթք նախաճաշը»: Սա մի պլատֆորմ է, որտեղ հավաքվում են կառավարության, օրենսդիր եւ տարբեր այլ բնագավառների ներկայացուցիչներ, որոնք ամեն անգամ ինչ-որ օրակարգի շուրջ երկխոսում ու քննարկում են»,- ասաց Լուսյանը:

Անդրադառնալով այն փաստերին, որ իշխանությունները կրոնական այլ կազմակերպությունների առաջնորդներին ու հետեւորդներին օգտագործում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարում՝ Լուսյանն ասաց. «Առաքելական եկեղեցու դեմ սկսված գործընթացներում մյուս համայնքներին ներգրավելու մասին հայտարարությունները անհիմն պնդումներ են: Մենք ինքներս ոչ մի առնչություն չունենք, այդ գործընթացներին որեւէ կերպ ներգրավված չենք ու որեւէ ձեւով չենք ուզում այդ գործընթացին մասնակցություն ունենալ»:

Դիտարկմանը, թե աղոթքի նախաճաշն արդյոք այն հարթակը չէ, որտեղ Նիկոլ Փաշինյանը կմաքրագործվի ու նոր թափով կլծվի Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավին, Լուսյանն ասաց. «Այն, ինչ աշխարհում ընդունված է ոչ մեկի դեմ կամ կողմ չէ, սա պլատֆորմ է հասարակությանը հուզող հարցերն են քննարկվում»:

Նշենք, որ 24News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին:

-«Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հոգևորականներ ներկա լինելո՞ւ են։ Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:

-«Աղոթքի նախաճաշ» միջոցառման հրավեր Մայր Աթոռը ստացել է, որին կմասնակցի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ Լինելով Հայաստանում Մայր Եկեղեցի՝ մեր ներկայացուցիչը կմասնակցի միջոցառմանը՝ ներկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները:

– Հոկտեմբերի 15-ին այց է նախատեսվում Սուրբ Էջմիածին, դուք տեղյա՞կ եք այս մասին, ո՞վ է ընդունելու նրանց Մայր Աթոռում։

-Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Տեսանյութեր

Լրահոս