Բաժիններ՝

«Չենք հաղթում, բայց թիմ ունենք. սա կարևոր է մեր ապագայի համար». Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականը 2026թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլի F խմբի 5-րդ տուրում Երևանի «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն։ Սակայն հանդիպումից հետո կայացած ասուլիսում մեր ընտրանու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսեց ոչ միայն խաղի արդյունքի, այլ նաև թիմի ներկա վիճակի, հոգեբանական խնդիրների ու ապագայի մասին։

Մելիքյանը նշեց, որ սա արդեն հաջորդ խաղն է, որտեղ Հայաստանը հնարավորություն է ունեցել ոչ միայն չպարտվելու, այլ նույնիսկ հաղթելու, սակայն վերջում պարտվել է․
«Ափսոսանքով եմ ասում, բայց հպարտ եմ տղաներով։ Կան սխալներ, բայց կա թիմային ոգի, սիրտ, միասնություն։ Սա է ուրախացնողը»,– ընդգծեց նա։

Մարզիչը հատուկ ուշադրություն հրավիրեց խաղի առաջին կեսի դժվարություններին՝ նշելով, որ Հունգարիայի թիմը փորձում էր սադրել.
«Ընդմիջմանը հիմնականում հոգեբանական աշխատանք տարանք։ Մի քիչ էմոցիաներ, մի քիչ սեղան, մի քիչ աթոռ, մի քիչ ջուր… այն, ինչ միշտ աշխատում է»,– ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ երկրորդ խաղակեսում թիմը զգալիորեն փոխվեց։

Մելիքյանի խոսքով՝ իր ժամանումից հետո հավաքականը մի քանի կարևոր քայլ առաջ է կատարել․
— թիմը ունի հստակ խաղային ծրագիր
— կա մրցակցություն ներսում
— ֆուտբոլիստները հասկանում են իրենց դերը
— և ամենակարևորը՝ հավաքականում խաղում են նվիրվածություն ունեցող տղաները։

Միաժամանակ մարզիչը չթաքցրեց՝ իրեն վշտացնում է այն փաստը, որ թիմը չի վաստակում միավորներ․
«Միայն վատն այն է, որ միավորներ չենք բերում։ Դրա համար ներողություն եմ խնդրում երկրպագուներից։ Բայց շնորհակալ եմ, որ մեզ հասկանում են ու համբերում։ Սա ինձ մոտիվացնում է»։

Խոսելով առանձին ֆուտբոլիստների մասին՝ նա ընդգծեց Ռանոսի պոտենցիալը՝ հույս հայտնելով, որ ձմռանը հարձակվողը կգտնի ակումբ, որտեղ կզարգանա։ Բարձր գնահատեց նաև Էլոյանի խաղը՝ չնայած որ վերջինս չկարողացավ գրավել դարպասը։

Անդրադառնալով Պորտուգալիայի հետ առաջիկա հանդիպմանը՝ Մելիքյանը խոսեց իրատեսորեն, բայց մարտական․
«Ինչ ռեսուրս ունենք, թուր ու դանակով կգնանք։ Մեզ համար գլխացավանքն ամբողջ Պորտուգալիան է, ոչ թե միայն Ռոնալդուն։ Բայց սա հիանալի փորձություն է թիմի զարգացման համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս