Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. Մանրամասներ Աբովյանի ողբերգական միջադեպից
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում. նշում է shamshyan.com կայքը և հավելում.
«Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Կոտայքի մարզի քրեական ոստիկանության ծառայողները՝ վարչության պետ Վարդան Խաչատուրյանի գլխավորությամբ:
Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուսը գտնվում է վիրահատարանում ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին 2-րդ վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, և ժամանելով դեպքի վայր, այնտեղ և հարակից՝ Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի մասին Կոտայքի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Տեղում պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» և «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի, վիրավորի ինքնությունն ու դեպքի հանգամանքները և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կատարողների ինքնությունները ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը կամ գործիքները հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 24-ամյա Սարգիս Զ.-ն է»:

