Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա. Civilnet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները: Գրում է Civilnet-ը։

Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։

Տես՝ «Civic.am-ից ու ՀԺ-ից՝ ԱԺ ամբիոն. Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները»

#CivilNetCheck-ը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայությունից և վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանները։

Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից

#CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։

Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Էկրանապատկերում՝ վարչապետի աշխատակազմից ստացված գրությունը

Ուշագրավ է, որ նոյեմբերի 6-ի հարցուպատասխանի ժամանակ թեման շոշափող հարցը վարչապետին ուղղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Civic.am կայքի լրագրող Վոլոդյա Հակոբյանը։ Սա հենց այն «մամուլն» է, որը պատկանում է ՔՊ կուսակցությանը և առաջինն էր հրապարակել «անանուն նամակը»։

Պատասխանելով իր ղեկավարած կուսակցությանը պատկանող լրատվամիջոցի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի հերքել, այլև կրկին պնդել է մեղադրանքը։

«Ես չեմ ասել եպիսկոպոսներից մեկը, ասել եմ Եզրաս, ասել եմ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը, չէ՞։ […] Եվ կարծում եմ, որ այն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից, այո՛, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ [КГБ՝ խմբ.] գործակալ, և դա փաստ է», – հայտարարել է Փաշինյանը։

Փաստորեն, վարչապետը որևէ նոր հիմնավորում կամ ապացույց չի ներկայացրել։ Նա կրկին վկայակոչել է իր կուսակցական կայքում հրապարակված անհայտ ծագման տեղեկությունները՝ դրանք այս անգամ անվանելով «փաստեր» և «փաստաթղթեր»։

Հակառակ վարչապետի աշխատակազմի գրությանը՝ Փաշինյանը այդպես էլ չի պարզաբանել, թե արդյոք դիմել է իրավապահներին Civic.am-ում հրապարակված տեղեկությունները ստուգելու համար։

Էկրանապատկերում՝ իշխանամերձ կայքերի հրապարակումները

Հարկ է նշել, որ հոկտեմբերի 5-ին Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը լրագրողներին հայտնել էր, որ նման հրապարակումներն ուսումնասիրելու համար անհրաժեշտ է համապատասխան հաղորդում, և որ ստուգման գործառույթ ունեն օպերատիվ-հետախուզական մարմինները, այսինքն՝ ԱԱԾ-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս