Թուրքիայի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունը համարժեք է 5 մլն մարդու 1 տարվա նվազագույն աշխատավարձին
Թուրքիայում մարդկանց եկամուտների անհավասարությունը շարունակում է աճել վերջին հինգ տարվա ընթացքում։ Թուրքական «Evrensel» թերթում հոդված է հրապարկվել, որտեղ նշվում է, որ Թուրքիայի 10 ամենահարուստ մարդիկ 2020-ից 2025-ն ընկած ժամանակահատվածում իրենց կարողությունն ավելացրել են 52%-ով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այդ 10 անձանց ընդհանուր կարողությունը 20.9 մլրդ դոլարից աճել է մինչև 31.9 մլրդ դոլար, ինչը կազմում է 11 մլրդ դոլարի աճ ընդամենը 5 տարվա ընթացքում։
Նշենք, որ ըստ ամերիկյան «Forbes» Թուրքիայի ամենահարուստ մարդկանց ցանկը գլխավորում է Մուրադ Ուլքերը։ Նրան հաջորդում են Շաբան Ջեմիլ Քազանջըն, Սինան Թարան և Էրման Ըլըջաքը։Վերջիններիս կարողության աճը վերջին հինգ տարվա ընթացքում գերազանցել է 100%-ը։
Ցուցակում ընդգրկված «Koç» ընտանիքի երեք անդամների կարողությունն աճել է ավելի քան 4 մլրդ դոլարով։ Այդ հարուստ 10 անձանց ընդհանուր ներկայիս հարստությունը համարժեք է ավելի քան 5 մլն նվազագույն աշխատավարձ ստացողների մեկ տարվա աշխատավարձին: Հոդվածում նշվում է, որ Թուրքիայում եկամտի անհավասարությունը աճում է և դա տեսանելի է նաև ըստ Ջինի սանդղակի։
Ջինիի սանդղակը տատանվում է 0-ից 1 միջակայքում: Հասարակության մեջ, եթե եկամուտը բաշխվում է արդարացիորեն, Ջինիի գործակիցը հավասար է 0-ի: Եթե եկամուտը ստանում է մեկ անձ, ապա Ջինիի գործակիցը հավասար է 1-ի:
Ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի՝ (TÜİK) Թուրքիայում Ջինիի գործակիցը 2020-ին կազմել է 0.41,իսկ 2024 թվականին՝ 0.413:

