Թրամփը «կատարյալ խայտառակություն» է անվանել Հարավաֆրիկյան Հանրապետությունում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի անցկացումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի անցկացումը «լիակատար խայտառակություն» է անվանել։
«Լիակատար խայտառակություն է, որ G20-ը տեղի կունենա ՀԱՀ-ում։ Աֆրիկաներներին (մարդիկ, որոնք սերում են հոլանդացի գաղութարարներից, ինչպես նաև ֆրանսիացի և գերմանացի ներգաղթյալներից) սպանում են, իսկ նրանց հողերն ու ֆերմաներն ապօրինի բռնագրավվում։ ԱՄՆ կառավարության ոչ մի ներկայացուցիչ չի գա կոնֆերանսին, քանի դեռ շարունակվում են մարդու իրավունքների այս խախտումները։ Անհամբերությամբ սպասում եմ, որպեսզի 2026 թվականին Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում հյուրընկալեմ G20-ը», – գրել է նա Truth Social-ում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Թրամփը, որը բազմիցս մեղադրել է Հարավային Աֆրիկային սպիտակամորթ փոքրամասնության նկատմամբ խտրականության մեջ, չի մասնակցի միջոցառմանը և իր փոխարեն կուղարկի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին։
Ի պատասխան՝ ՀԱՀ-ի նախագահի մամուլի քարտուղար Վինսենթ Մագվենյան հայտարարել է, որ իր երկիրը վստահ է, որ շատ հաջող կանցկացնի G20-ի գագաթնաժողովը, երբ աշխարհի խոշորագույն տնտեսությունների ղեկավարները այս ամսվա վերջին հավաքվեն Յոհանեսբուրգում։

