Ալիևն ասում էր՝ ինձ ստիպում են ճանաչել ԼՂ անկախությունը. Սերժ Սարգսյան
Ադրբեջանցիների հետ խաղաղ կողք կողքի ապրելը հեքիաթ եմ համարում. «Իմնեմնիմի» փոդքասթի ուղիղ եթերում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ներկայացնում ենք զրույցի երկրորդ հատվածի առանցքային կետերը։
Իրենցից քանի՞սն են ապրել այդ միջավայրում, որ այդպես խոսում են… Ոչ մեկը։ Այդ դեպքում այդ հեքիաթները որտեղի՞ց են սովորել…Բա ինչո՞ւ այդ մասին չէին ասում մինչև 2018 կամ 2020 թվականները։
Ղարաբաղցիների աչքի առաջ էր երկու մեծ հանգամանք` Նախիջևանի հայաթափումը և բուն ԼՂ–ում տեղի ունեցող իրադարձությունները։ Երբ հռչակվեց ԼՂ ինքնավար մարզը, բնակչության հարաբերակցությունը 5/95 էր` հօգուտ հայերի։ 1980-ականների կեսերին այդ հարաբերակցությունը դարձել էր 25/75։
Միջազգային կառույցների գործունեությումը ՀՀ-ում ղեկավարվում էր մեր ընդունած պարտավորությամբ։ ԵԽԽՎ-ն ունի սկզբունքներ, որոնց խոշորացույցով հետևում էր։ Կասեք՝ ինչու՞ չեն տեսնում հիմա։
Մենք հետևողական էինք այն ժամանակ, որովհետև ԵԱՀԿ համանախագահներից երկուսը Արևմուտքն էին ներկայացնում, և եթե մենք հարաբերությունները սրեինք, անմիջականորեն բացատաբար կազդեր բանակցություններին։
Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ հանդիպումներին լուրջ նախապատրաստական աշխատանք էինք տանում, փաստաթղթերի տրցակ հավաքում։ Արդյունքների հետ կապված մի օրինակ բերեմ. 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո ԵԱՀԿ համանախագահները դատապարտեցին Բաքվի արարքները, բայց դա չէր կարևորը. Ալիևն ասել էր, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Էդ էլ հո մե՞նք չենք ասում։ Ի դեպ, այս միտքը մեկ անգամ ևս հնչել է։
Սկզբնական փուլում Ադրբեջանի նախագահի հետ հարաբերությունները նորմալ էին, հետո երկար ժամանակ նա Մադրիդյան սկզբունքները չէր ընդունում, միայն 2008 թվականին ստորագրեց, ու սկսեցինք այդ սկզբունքներով առաջ գնալ։ Տարբեր նիստերի ժամանակ, իհարկե, բանավեճեր եղել են, բայց ընդհանուր առմամբ նորմալ էր։ Բացի այդ՝ արտաքին տեսանկյունից Ալիևը ավելի նորմալ էր պահում իրեն, բայց ներքին քննարկումներում հաճախ փորձեր էր անում բանակցությունը փակուղի տանելու։

