Խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից վարվող հակասահմանադրական, աստվածամերժ, եկեղեցազավթ քաղաքականությունը. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները հանդես են եկել հայտարարությամբ.
«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներս, խորը մտահոգություն ենք հայտնում և խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող հակասահմանադրական, աստվածամերժ, եկեղեցազավթ և հակաեկեղեցական քաղաքականությունը, հոգևորականների անօրինական կալանավորումը հորինված մեղադրանքներով և նրանց դիտավորյալ վարկաբեկումը, ինչպես նաև հայ ժողովրդի ազնիվ զավակների հետապնդումն ու կալանավորումը, ովքեր իրենց ձայնը բարձրացրել են Հայ Եկեղեցու պաշտպանության համար։
Այս հակազգային արշավը, որն ուղեկցվում է պետական պաշտոնյաների անպարկեշտ և անընդունելի լեզվով, ինչպես նաև կեղծ և զրպարտչական տեղեկատվության տարածմամբ, թունավորում է հանրային գիտակցությունը, թուլացնում ազգային միասնությունը և սերմանում անհամաձայնություն և թշնամանք, ինչը չափազանց վտանգավոր և կործանարար է Հայրենիքի համար։
Մենք կոչ ենք անում մեր Եկեղեցու հավատավոր զավակներին զգոն լինել, չտրվել իշխանությունների սադրանքներին և չառաջնորդվել հանրային ոլորտում տարածվող չարամիտ ստերով, քանի որ դրանք զզվելի և ատելի են Աստծո առաջ։
Մենք կոչ ենք անում ազգային միասնության, մեր հոգևոր և ազգային արժեքների պաշտպանության, Աստծո կողմից օծված Սուրբ Էջմիածնի՝ համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ հավատարմության և ժողովրդի կողմից ընտրված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդությամբ կանգնելու բոլոր մարտնչող և հավատարիմ հոգևորականների կողքին»։

