Երեկ Սերժ Սարգսյանին երեք անգամ էին դատական նիստի կանչել՝ ամեն գնով փորձելով փակել «սեկտը». Արմեն Հովասափյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովասափյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Երեկվանից «Փաշինյան և ընկերներ» հիմնարկն անհանգիստ շարժումների ու դեպրեսիվ կծկումների մեջ էր՝ կապված Սերժ Սարգսյանի՝ բուժման նպատակով արտերկիր մեկնելու փաստի հետ։ Մինչ այդ մամուլում տիրաժավորվում էին ինչ-որ ցնդաբանություններ, թե իբր «նախագահ Սարգսյանը պատրաստվում է փախչել» երկրից։
Թեմայի հետ կապված երրորդ նախագահը բավական հստակ ու բովանդակալից պարզաբանում ներկայացրեց, և կարծում եմ՝ այդ դրվագով այլևս ասելիք չկա։
Ի դեպ, ասեմ նաև, որ երեկ Սերժ Սարգսյանին երեք անգամ էին դատական նիստի կանչել՝ ամեն գնով փորձելով փակել «սեկտը»՝ այսինքն՝ երկրից դուրս գալու հնարավորությունը։ Դատարանը երկու գործերի շրջանակում դատախազության ներկայացված միջնորդությունները մերժել էր՝ համարելով, որ ներկայացված հիմքերը որևէ իրավական ուժ չունեն։
Հիմա ամենահետաքրքիրը․ պարզվում է՝ այս թեման, միևնույնն է, չի բավարարել օրվա կառավարիչներին, և նրանք «պրինցիպ» ընկած ամեն ինչ արել են, որպեսզի նախագահ Սարգսյանը չմեկնի երկրից։ Ուրեմն սրանք ամբողջ գիշեր գցել-բռնել են, մտածել, թե ինչ ճար գտնեն, ինչ հնար սարքեն, և հասել են 2019-ի մի գործի, որտեղ լուսահոգի Միքայել Բաղդասարովի գործի դրվագով ժամանակին արհեստական ցուցմունք էին կորզել։ Այդ ցուցմունքը հետագայում առերեսման ժամանակ հերքվել էր, սակայն այժմ այդ գործի շրջանակում փորձել են նախաքննական փուլի տրամաբանության «պատվակով» սահմանել չբացակայելու արգելք։
Եթե ավելի պարզ ասեմ՝ այս ամենը նույնքան կապ ունի իրավաբանության հետ, որքան քվանտային ֆիզիկայի։
Տեղի ունեցածը ապացույցն է այն բանի, որ Հայաստանում իրավական պետություն այլևս գոյություն չունի։ Բոլոր սահմաններն անցած իշխանությունը ոտնահարում է օրենքը՝ հանուն մեկ մարդու բարդույթների ու վախերի։ Ասեմ՝ սա ոչ թե իրավական անգրագիտություն է, այլ գիտակցված բռնություն՝ ուղղված պետության ինստիտուտների դեմ»։


