Քարոզարշավին խոչընդոտելու հոդվածն իշխանությունները կիրառում են անցանկալի անձանցից ազատվելու համար. «Միասնության թևեր»-ը մոնիտորինգ է անցկացրել

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը, ինչպես հայտարարվել էր, իրականացնում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկում՝ ուսումնասիրելով մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումները։

Նախընտրական քարոզարշավի առաջին 12 օրերին՝ հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, ուսումնասիրվել է  ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժերին վերաբերող 400-ից ավելի հրապարակում։ Արձանագրվել են երկու տասնյակից ավելի խախտումներ, որոնց գերակշիռ մասը վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությանը, մյուս ուժերի դեպքում դրանք ունեն ոչ պարբերական բնույթ («Հաղթանակ» դաշինք, «Հայրենիք», «Մայր Հայաստան», «Հանրապետություն»)։

Դիտարկված ժամանակահատվածում արձանագրված խախտումներն առերեւույթ պարունակում են վարչական իրավախախտման եւ հանցագործության տարրեր, մանավորապես՝

  • բարեգործության արգելքի խախտում – ՔՊ,
  • պետական պաշտոնատար անձանց, օրինակ՝ Արմավիրի մարզպետի կամ նախարարների կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզարշավին մասնակցություն – ՔՊ,
  • համայնքային ծառայողների, ընտրական հանձնաժողովի որոշ անդամների կողմից քարոզչության իրականացում – ՔՊ, «Հայրենիք»,
  • նախընտրական քարոզարշավի համար նախատեսված տպագիր քարոզչական նյութի անհամապատասխանություն ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջներին – «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,
  • չնախատեսված վայրերում քարոզչական տպագիր նյութի տեղադրում – «Հանրապետություն», «Մայր Հայաստան», «Հաղթանակ» դաշինք,
  • նախընտրական քարոզչական պաստառների, տպագիր նյութերի պատռում, պոկում եւ այլն։

Վերը նշված արարքներն առաջացնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.8-րդ, 40.11-րդ եւ 40.19-րդ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվություն։

Դիտարկմամբ արձանագրվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հոկտեմբերի 21-ին «Քաղաքացիական կուսակցության» կողմից Դողս գյուղում կազմակերպված բարեգործական միջոցառման փաստի ուսումնասիրման հարցն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Քարոզարշավի ընթացքում նկատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորում (վիրավորական արտահայտություններ բարձրաստիճան հոգևորականների հասցեին, եկեղեցապատկան հողերի և գույքի հետ կապված և այլն):

Դատապարտելի է այն, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և վերջինիս որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը: Առավել դատապարտելի է ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հիմքով քրեական հետապնդման հարուցումը և նրանց կալանավորումը:

Այստեղ պետք է հաշվի առնել մի քանի կարևոր փաստ. առաջին՝ նախընտրական քարոզչությունն իրականացվում է Վաղարշապատ խոշորացված համայնքում, այսինքն՝ գործ ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության հետ, իսկ ՀՀ Սահմանադրության 9- րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը:

Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությանն առանձնանում է նրանով, որ այս համայնքում է տեղակայված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանություններն իրականացում են Փաշինյանի նախաձեռնած, քաղաքական շահերից բխող հակաիրավական քաղաքականություն: Այս համատեքստում համայնքի ղեկավարի թեկնածուներից մեկի գրառման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և նրա որդու  նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը, ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով մեղադրանքի առաջադրումը և կալանավորումը ոչ միայն հանրային իրավական ընկալման տեսանկյունից, այլև քաղաքական իրավունքների իրացման առանձնահատկություններով պայմանավորված անընդունելի և անթույլատրելի է:

Այս միջադեպն ընդգծված դատապարտելի է այն առումով, որ քաղաքական իրավունքներն առավել զգայուն և փխրուն են, և դրանց արդյունավետ ու անխոչընդոտ իրացման տեսանկյունից էականորեն կարևոր է այն միջավայրը, որում դրանք իրացվում են:

Քրեական հետապնդումը և քրեական օրենսգրքով նախատեսված սանկցիաների կիրառումն ընդհանրապես և նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հատկապես պետք է լինեն ծայրահեղ միջոց: Քրեաիրավական անհամաչափ և ոչ իրավաչափ միջամտությունը ոչ միայն քրեորեն պատժելի և դատապարտելի է, այլև լրջորեն խաթարում է քաղաքական կամքի իրականացումը և ժողովրդավարական գործընթացն առհասարակ։

Նախ առկա է լուրջ և իրատեսական վտանգ, որ քարոզարշավի մասնակիցներն  իրենց կարծիքն արտահայելու իրավունքի իրացման քողի ներքո կատարեն հրապարակումներ իրենց համար «անցանկալի» անձանց կամ միջադեպի վերաբերյալ՝ ձևավորված պրատկիկայի ուժով վստահ համոզմունք ունենալով, որ դրան հաջորդելու է քրեական հետապնդումը, ապա կալանավորումը: Դրանից բացի, այս կերպ ստացվում է քրեական հետապնդման ինստիտուտը վերածվում է քաղաքական նպատակներին հասնելու «լեգիտիմ» մահակ, իսկ դրա «հաջողված փորձը»՝ «քաղաքական հակառակորդներին» քրեաիրավական կամ «լեգիտիմ» միջոցներով մրցակցությունից դուրս թողնելու մարտավարության:

Արդյունքում խախտվում են  ոչ միայն տվյալ անձանց քաղաքական իրավունքները, որոնք երաշխավորված են Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պարտավորություններով, այլև նման կոշտ և ոչ համաչափ միջամտությունն անխուսափելիորեն ունենում է սառեցնող ազդեցություն՝ սահմանափակելով քաղաքացիների՝ քաղաքական մասնակցություն ունենալու ցանկությունը:

Կարևոր է նկատել, որ քաղաքական իրավունքների իրացումն ունի այն առանձնահատկությունը, որ դրանց ենթադրյալ խախտումները post factum վերականգնելը գործնականում հաճախ ոչ միայն հնարավոր չէ, այլև արդյունավետ չէ: Դրանով է պայմանավորված մեր գնահատականն առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով քրեական հետապնդմանը և անձանց կալանավորմանը պետք է մոտենալ չափազանց զգուշավորությամբ՝ որպես իրավական ծայրահեղ միջոց, ուշադրության արժանի բոլոր հանգամանքների հաշվառմամբ:

«Միասնության թեւեր»

Տեսանյութեր

Լրահոս