Հունվարի 1-ից թղթի փող չշարժվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակները բացառապես պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց  Նիկոլ Փաշինյանը։

Նա կառավարության անդամներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1–ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար` լիովին հանելով կանխիկի շրջանառությունը։

«Եթե անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, ոչինչ, թող այդ գույքը մեկ շաբաթ հետո վաճառվի։ Համաշխարհային ինտերնետն անջատվեց, ոչինչ, թող այդ գույքը չօտարվի։ Միայն ու միայն, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի գույքը, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ. միայն թե լինի էլեկտրոնային վաճառք»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով թոշակների հարցին` Փաշինյանը նշեց, որ մինչև հիմա իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը տրվում կանխիկ։

«Ես մինչև հիմա չեմ հասկանում` ինչ խնդիր կլինի, եթե բոլորն անցնեն քարտի։ Այս վերջերս էլ համոզվեցի, երբ թոշակը տանում են տարեցին, վրայից 500 դրամը վերցնում են։ Ասում են` 85 տարեկան թոշակառուն տնից դուրս գալու խնդիր ունի, ասում եմ` ավելի լավ, պետք չէ տնից դուրս գալ, քարտը կողքը դրած է, փողը նստում է քարտին»,- ասաց նա։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին, ով ձայնի իրավունք էր խնդրում, Փաշինյանը ընդհատեց՝ ասելով. «Եթե ինձ հակառակ բան եք ուզում ասել, ձայն չեմ տալու»։

Առուշանյանն ասաց, որ Գյումրիում կա 103 տարեկան տատիկ, որի դեպքում պիտի խնդրեն բանկերին, որ թոշակի քարտը տանեն իրենց տուն։

Փաշինյանը նշեց` նման դեպքերը շատ փոքր թիվ են, ու բանկերը կարող են շատ արագ այդ հարցը լուծել։

«Նորից եմ ասում` թոշակների դեպքում հունվարի 1–ից թղթի փող չշարժվի հանրապետությունում։ Բոլորը, առանց բացառության, թոշակը ստանում են էլեկտրոնային եղանակով»,– ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս