Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ին պատրաստվել Ռուսաստանի հետ բախման
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պատրաստվել Ռուսաստանի հետ «երկարատև բախման»։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը կմնա անկայունացնող ուժ Եվրոպայում և աշխարհում… Նրանք պատրաստվում են երկարատև բախման։ Մենք չենք կարող միամիտ լինել։ Մենք նույնպես պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ռումինիայում անցկացվող պաշտպանական արդյունաբերության ֆորումում։
Վերջին տարիներին Ռուսաստանը քննադատում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը իր արևմտյան սահմանների երկայնքով։ Դաշինքը ընդլայնում է իր նախաձեռնությունները և դա անվանում «ռուսական ագրեսիայի զսպում»։ Ռուսաստանի իշխանությունները բազմիցս մտահոգություն են հայտնել Եվրոպայում դաշինքի ռազմաքաղաքական ամրապնդման վերաբերյալ։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում, բայց չի անտեսի իր շահերի համար պոտենցիալ վտանգավոր գործողությունները։

