Բաժիններ՝

Էնթոնի Հոփքինսը բացահայտել է, թե ինչպես է թողել խմելը

87-ամյա դերասան Էնթոնի Հոփքինսն իր «We Did OK, Kid» հուշագրության թողարկումից առաջ հարցազրույց է տվել The New York Times թերթին, որում բացատրել է, թե ինչու է որոշել ընդմիշտ հրաժարվել ալկոհոլից:

Դերասանը հիշել է մի դրվագ, թե ինչպես է երիտասարդ տարիներին ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու պատճառով գրեթե վթարի ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել 1975 թվականի դեկտեմբերի 29-ին:

«Ես հարբած էի և ընթանում էի մեքենայով այստեղ՝ Կալիֆոռնիայում, մթության մեջ, առանց պատկերացման, թե ուր եմ գնում։ Հասկացա, որ կարող էի սպանել մեկին, կամ ինքս ինձ։ Եվ սարսափելին այն էր, որ ինձ համար միևնույն էր»,- խոստովանել է դերասանը։ Հետո նա օգնություն է խնդրել իր նախկին գործակալից.

«Ես նայեցի ժամացույցիս՝ ուղիղ ժամը 23:00-ն էր։ Եվ հանկարծ ներսում մի ձայն լսեցի։ Խորը, տղամարդկային, հանգիստ։ Այն ասում էր. «Ամեն ինչ ավարտվեց։ Հիմա դու կարող ես սկսել ապրել։ Երբեք չմոռանաս այս պահը»։ Դա նման էր զարթոնքի»,- ասել է Հոփքինսը և խոստովանել, որ ազատվել է ալկոհոլային կախվածությունից:

Դերասանն ալկոհոլից իր կախվածությունը վերագրում է ներքին ցավին և մենությանը։ Նա սկսել է խմել երիտասարդ տարիքում՝ փորձելով թմրեցնել իր անհանգստությունն ու անապահովութան զգացումը. «Միայնակ մանկությունից և դաժան մարդկանց հետ հանդիպումներից հետո ես խմում էի՝ այդ զգացողությունից խուսափելու համար։

Այն ժամանակ մենք կարծում էինք, թե խմելը, ինչպես Փիթեր Օ’Թուլը կամ Ռիչարդ Բարթոնն էին խմում, ռոմանտիկ է։ Բայց բոլոր այն տղաները, որոնց հետ ես խմում էի, վաղուց չկան»։ Հիմա Հոփքինսն ասում է, որ ամեն առավոտ արթնանում է երախտագիտությամբ. «Կյանքը լի է դժվարություններով, բայց ես արթնանում եմ և մտածում. «Ես դեռ այստեղ եմ։ Ինչպե՞ս»։ Չգիտեմ ինչու, բայց շնորհակալ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ»,- խոստովանել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս