Տաքսու վարորդը 25 տարեկան է եղել, գերազանցել է արագությունը․ ի՞նչ է պատմում վթարից մահացած բժիշկների գործընկերը
Հոկտեմբերի 24-ին ավտովթարից մահացած երկու բժիշկների գործընկեր, «ԱրթՄեդ» ԲԿ- փոխտնօրեն Արայիկ Ղարիբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրդարձել է ողբերգական միջադեպին:
«Տաքսի հարգելի՛ ընկերություններ։ Արդեն 4 օր է՝ սգում ենք մեր շատ սիրելի ընկերների, լավագույն բժիշկների, ընտանիքի լավագույն ծնողների կորուստը:
Պարզվում է՝ մեր կյանքը, երբ վստահում ենք տաքսիներին, պետք է նախօրոք կտակ գրենք: Հոնդա մակնիշի տաքսին, արագության գերազանցումով, կտրել անցել Երևան-Սևան մայրուղու մոտ 1.5 մ լայնությամբ գազոն տարածքը և հայտնվել դեպի Երևան գնացող հատվածում: Եթե կեսգիշերին լիներ, կմտածեինք՝ վարորդը քնել է, իսկ օրը ցերեկո՞վ ինչ մտածենք․․․
Չեմ ուզում ժամանակից ու քննությունից առաջ անցնել և եզրակացություններ անել, բայց վստահ եմ՝ այս ամենը չէր լինի, եթե ամեն առավոտ վարորդները բժշկական ստուգում անցնեն։ Մեքենաները ևս ստուգեն մասնագետները: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում: Փնթի հագնված վարորդներ, թափոնի ենթակա մեքենաներ, բազմաթիվ խախտում արած վարորդներ:
Բարձիթողի այս վիճակի պատճառով է, որ, չգիտես ինչպես, 25 տարեկան վարորդը հայտնվեց երթևեկության հանդիպակաց գոտում և դարձավ երկու հրաշք մարդկանց մահվան պատճառ: Հսկե՛ք ձեր վարորդներին և գործի դուրս գալուց ստուգե՛ք նրանց առողջական վիճակը։ Ստուգե՛ք ձեր մեքենաները, հաշվառեք ձեր վարորդների կատարած բոլոր խախտումները, վերլուծեք պատճառները, ազատեք աշխատանքից վատ վարորդներին, որպեսզի նման դժբախտ պատահարներ չլինեն»,- գրում է բժիշկը:
Հիշեցնենք՝ բժիշկները Գյումրի էին գնում սեմինարի՝ տաքսիով, բայց այդպես էլ տեղ չեն հասել։

