
ԱԳՆ-ի ներկայացուցիչները բանախոսություններով են հանդես եկել մի շարք բուհերում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ մի շարք բուհերում ԱԳՆ ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի են ունեցել ուսանողների հետ հանդիպում-բանախոսություններ:
Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հոկտեմբերի 21-ին նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը բանախոսությամբ է հանդես եկել Ռուս-հայկական համալսարանում:
Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ «Միջազգային հարաբերություններ», «Իրավագիտություն», «Արևելագիտություն» ֆակուլտետների, իսկ հոկտեմբերի 23-ին՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար բանախոսությամբ է հանդես եկել ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Հանգամանալից ներկայացվել են դիվանագիտական ծառայության կարևորությունն ու առանձնահատկությունները: Առանձնակի շեշտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում ներկայումս առկա դիվանագիտական թափուր պաշտոնները համալրելու միջոցով աշխատանքի անցնելու հնարավորությունները:
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ ԱԳ նախարարի տեղակալը և ԱԳՆ գերատեսչության գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել ՀՀ բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում ՀՀ առաջնահերթություններին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, գործընկեր երկրների հետ հարաբերություններին, բազմակողմ հարթակներում տարվող աշխատանքներին: