
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Արտյոմ Բանդիկյանի հետ, քննարկել նրա՝ ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հոկտեմբերի 21-ին ներկա է եղել Ռուսաստանի գավաթի 1/8 եզրափակչի՝ Մոսկվայի ՑՍԿԱ-ի և Տոլյատիի «Ակրոնի» (3:2) հանդիպմանը։ Գրում է sportaran.com-ը:
Մելիքյանը ուշադիր հետևել է ՑՍԿԱ-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանի, ինչպես նաև «Ակրոնի» հարձակվող և ազգային թիմի խաղացող Էդգար Սևիկյանի գործողություններին։
20-ամյա Բանդիկյանը հանդիպումը սկսել է հիմնական կազմում և խաղացել է ամբողջ 90 րոպեն։ Սևիկյանը խաղադաշտ է դուրս եկել 67-րդ րոպեին՝ ուժեղացնելով տոլյատտինցիների հարձակումը։
Հավանաբար, Մելիքյանը դիտարկում է Բանդիկյանին հիմնական թիմ հրավիրելու տարբերակը։ ՑՍԿԱ-ում ֆուտբոլիստը հաճախ հանդես է գալիս որպես հենակետային կիսապաշտպան, մինչդեռ Հայաստանի երիտասարդական հավաքականում նրան փորձել են նաև աջ պաշտպանի դիրքում։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մարզադաշտից Արտյոմ Բանդիկյանի խաղին հետևելուց հետո զրուցել է մոսկովյան թիմի պաշտպանի հետ:
Մարզիչը ծանոթացել է ֆուտբոլիստի խաղային մտածողությանը և որակներին, քննարկել նրա՝ ազգային հավաքականում ելույթ ունենալու հնարավորությունները: