
102 տարեկանում մահացել է Շառլ Ազնավուրի քույրը

102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը։ Տեղեկությունը հայտնում են Ազնավուր ընտանիքը և «Ազնավուր» հիմնադրամը։
«Աիդան խաղաղությամբ լքեց այս աշխարհը 102 տարեկանում՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ: Ծնված լինելով գաղթի ճանապարհին՝ Սալոնիկում, 1923 թվականին՝ Աիդան իր եղբոր հետ կիսում էր ոչ միայն իրենց հայկական արմատներն ու փարիզյան դաստիարակությունը, այլև ողջ կյանքի ընթացքում կապված էր նրա հետ ջերմագույն սիրով: Նրանց կապն անչափ ամուր էր՝ հենված ընդհանուր պատմության, երաժշտության և մարդկանց հանդեպ անհուն սիրո վրա»,– ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Շառլը հաճախ էր Աիդային անվանում իր կյանքի կայուն խարիսխներից մեկն ու իրենց ընտանիքի հիշողությունը:
Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում, իր ընտանիքի անդամների և ամուսնու` Ժորժ Կառվարենցի կողքին։