ԵՄ ղեկավարները և Զելենսկին համաձայն են բանակցություններ սկսել ներկայիս շփման գծի հիման վրա

Եվրոպայի երկրները և Ուկրաինան համաձայն են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն դիրքորոշման հետ, որ ՌԴ-ն և Ուկրաինան պետք է դադարեցնեն մարտերը և բանակցություններ սկսեն՝ հենվելով ներկայիս շփման գծի վրա։

Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ղեկավարների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակը:

«Մենք վճռականորեն հավանություն ենք տալիս (ԱՄՆ) նախագահ Թրամփի դիրքորոշմանը, որ մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և որ ներկայիս շփման գիծը պետք է դառնա բանակցությունների մեկնակետ», – նշել են փաստաթղթի հեղինակները:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այն ստորագրած կողմերը  հստակ հասկանում են, որ Ուկրաինան «պետք է լինի առավելագույնս ուժեղ դիրքում ցանկացած հրադադարից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո»: Նրանք մտադիր են «ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի տնտեսության և նրա պաշտպանական արդյունաբերության վրա», մինչև Ռուսաստանի նախագահը «պատրաստ չլինի խաղաղություն հաստատելու»:

«Մենք մշակում ենք միջոցներ՝ Ռուսաստանի սառեցված սուվերեն ակտիվների ամբողջ ծավալի օգտագործման համար, որպեսզի Ուկրաինան ստանա իրեն անհրաժեշտ միջոցները», – ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս