Փաստաբանը չի կարող հետապնդվել իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ: Հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից. Փաստաբանների պալատի նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը.

«ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Երեկ տեղեկություն ստացանք փաստաբանի նկատմամբ իրականացրած հերթական ոչ իրավաչափ գործողության մասին: Համացանցում տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է բերման ենթարկվում փաստաբան Ռուբեն Մխիթարյանը:

Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնառու է, որ Ռուբեն Մխիթարյանի գործողություններում որևէ ոչ իրավաչափ վարքագիծ առկա չէ:

Տվյալ դեպքում փաստաբանի մասնագիտական գործունեությունը ոչ միայն խոչընդոտվում է իրավապահների կողմից, այլև նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ: Պետք է արձանագրել, որ վերջին օրերին տեղի ունեցող փաստաբանների իրավունքների խախտումների շարունակականությունը խիստ մտահոգիչ է:

Իրավապահ մարմիններից պահանջում եմ դադարեցնել նման գործելաոճը: Միաժամանակ, սույնով հրավիրում եմ պատկան միջազգային կառույցների ուշադրությունը՝ ակնկալելով պատշաճ գնահատական կատարվող իրավախախտումների կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս