
Աբբաս Արաղչին հուսով է, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև անվտանգության

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում երկարատև անվտանգության կհանգեցնի։
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։
«Աբբաս Արաղչին վերահաստատել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության հարգման հարցում՝ պաշտպանելով վեճերի լուծման դիվանագիտական լուծումները։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կհանգեցնի տարածաշրջանում երկարատև անվտանգության»,-նշել է գործակալությունը։
Նշվում է, որ կողմերը նաև ընդգծել են հարևան երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Հաղորդվում է, որ իրանցի ու ադրբեջանցի պաշտոնյաներն իրենց մտադրությունն են հայտնել՝ զարգացնելու երկկողմ կապերը։
«Արաղչին նաև ընդգծել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ռազմավարական կարևորությունը ինչպես Իրանի, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանի համար»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։