
Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայում և Եմենում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ դադարեցնելու Իսրայելի կողմից հրադադարի խախտումները և ապահովելու մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ մատակարարումը Գազայի ժողովրդին։
Անդրադառնալով Եմենի ճգնաժամին՝ Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իսրայելի շարունակական ագրեսիան և վերահաստատել ՄԱԿ-ի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամությունը՝ Եմենում կայունությունը վերականգնելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար։
Գուտերեշն, իր հերթին, բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական ներգրավվածությունը և շարունակական երկխոսության և համագործակցության կոչ ուղղել՝ Եմենում և, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար։