
ՆԳՆ-ն՝ ՌԴ-ում միգրանտների գտնվելու սահմանափակումների խնդրի մասին

Հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում, բեռնատարների վարորդները շարունակում են երկկողմանի փակ պահել ճանապարհները՝ բողոքելով ՌԴ-ում միգրանտների մնալու 90-օրյա սահմանափակման դեմ։ Ի դեպ, երեկ գիշերը ՆԳՆ-ն տեղեկացրել էր՝ խնդրի լուծման ու ճանապարհների բացման մասին։
168.аm-ն այսօր ՆԳՆ-ից դարձյալ պաշտոնական պարզաբանում խնդրեց իրավիճակի մասին։
Ի պատասխան` ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նշեց.
«Բեռնատարների վարորդների բարձրացրած խնդիրը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է։ Հարցը քննարկվում է ՌԴ մեր գործընկերների հետ՝ օրերի թիվը 180-ի հասցնելու հետ կապված։
Հարցն ընդգրկվել է նաև հոկտեմբերի 24-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում»։