
Տավուշի մարզպետի աշխատակազմը 1 միլիոն 39 000 դրամ է ծախսել ճաշկերույթների համար

Տավուշի մարզպետի աշխատակազմը ճաշկերույթների կազմակերպման համար հոկտեմբերին 1 միլիոն 39,000 դրամ գումար է ծախսել. գնման պայմանագրերն է հանրայնացրել «Փաստինֆո»-ն։
Աշխատակազմը հոկտեմբերի 15-ին ներկայացրել է գնման պայամանագիր սուրճի կազմակերպման և լանչի կազմակերպման ծառայության վերաբերյալ, սակայն հետաքրքրականն այն է, որ ծառայությունները մատուցվել են սեպտեմբերի 17-19-ին։ «Կենաց Հաց» ՍՊԸ-ն Տավուշի մարզպետի աշխատակազմից ստացել է 367.000 դրամ։
Հաջորդիվ աշխատակազմը տրամադրել է 400,000 դրամ Նարինե Ադամյան ԱՁ-ին 32 անձի համար նախատեսված պաշտոնական ճաշի համար։ Նշենք, որ ըստ հրապարակված փաստաթղթերի գումարը տրամադրվել է կրկին հոկտեմբերի 15-ին։
Հոկտեմբերի 16-ին «Լաստիվեր» ՍՊԸ-ն 34 անձի համար սննդի կազմակերպում է իրականացրել։ Տավուշի մարզպետի աշխատակազմը վճարել է 272,000 դրամ։
Հոկտեմբերի 4-ին էլ Տավուշի մարզպետի աշխատակազմը Անուշ Չիբուխչյան ԱՁ-ից գնել է խորհրդանշական նվերներ՝ 16 հատ ձեռագործ նկար, 17 հատ բաժակ թռչնատառով, 2 հատ ձեռագործ հուշանվերների հավաքածու և 1 հատ ձեռագործ այլ հուշանվերների հավաքածու, որոնց համար վճարվել է 240,000 դրամ։
Նշենք, որ այսպիսի և այլ գնումները կատարվում են պետբյուջեի հաշվին։