Բաժիններ՝

«Քաղաքացիություն չունեցող դիվանագետը». նոր միջազգային հեռուստասերիալ՝ Դիանա Աբգարի ժառանգությանը արժանի ճանաչում բերելու համար

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, նշվում է մարդասեր, գրող և աշխարհի առաջին կին պատվավոր հյուպատոս Դիանա Աբգարի 166-րդ տարեդարձը։ Նրա բացառիկ կյանքը մնում է որպես կարեկցանքի և բարոյական քաջության լույս որպես ստեղծագործական ձայների ոգեշնչման աղբյուր ամբողջ աշխարհում։

Աբգարի անհավատալի պատմությունը ներկայացնելու նպատակով կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը (Եվրոպական կինոակադեմիայի անդամ, Berlinale Talents 2020-ի մասնակից, միջազգային մրցանակների դափնեկիր) մշակում է «Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» վեց մասից բաղկացած մինի սերիալը։

Հեռուստասերիալը, որը ներշնչված է Աբգարի կյանքից, պատմում է մի երիտասարդ հայ-ճապոնացի կնոջ ինքնաճանաչման ճանապարհորդության մասին, որը բացահայտում է Աբգարի մարդասիրական մնայուն ժառանգությունը մինչև մեր օրերը։

Կարդացեք նաև

«Տարիներ առաջ ծանոթացա Դիանա Աբգարի պատմությանը, և այն խորապես հուզեց ինձ։ Ես գիտեի, որ նրա ժառանգության մասին պետք է պատմել՝ ոչ միայն հայ հանդիսատեսին, այլև ամբողջ աշխարհին։ Ես անձնական կապ եմ զգում նրա առաքելության հետ, և այս շարքի միջոցով մենք ցանկանում ենք նրա ձայնը վերջապես լսելի դարձնել»,- ասում է հեռուստասերիալի ռեժիսորն ու հեղինակը։

Ծրագրի նախագիծն ու սկզբնական պատմանկարագրությունը ստեղծվել են՝ հիմնվելով Աբգարի ծոռնուհի Միմի Մալայանի ընտանեկան արխիվի և պատմաբան դոկտոր Մելինե Մեսրոպյանի գիտական ուսումնասիրությունների վրա։ Աշխատախումբը ներկայումս ակտիվ քննարկումների փուլում է ճապոնացի մրցանակակիր սցենարիստի հետ՝ ծրագրին նրա միանալու հարցով։

Վերջին չորս տարիների ընթացքում նախագիծը զարգացվել է մի շարք հեղինակավոր միջազգային կինոշուկաներում՝ «Marché du Film» Կաննի կինոփառատոնում (աշխարհի առաջատար կինոմրցույթներից մեկում), Berlinale կինոփառատոնին կից European Film Market (EFM)-ի շրջանակներում, ինչպես նաև MIDPOINT ինստիտուտի Cold Open ծրագրում, որը առնչվում է բարձրորակ դրամատիկական սերիալների համաշխարհային շուկայի հետ։

Այս հնարավորություններով լի նախագիծը վերածվել է իսկապես միջազգային համագործակցության օրինակի՝ միավորելով ճապոնական, եվրոպական և կանադական արտադրողներին։ Ստեղծագործական խմբի հիմնական անդամներն են պրոդյուսեր Ադրինե Միրզայանը և ստեղծագործական խորհրդատու Վիգէն Ադդարեանը, ովքեր անհրաժեշտ փորձ և տեսլական են բերում զարգացման գործընթացին։

Նախագծի առաջընթացը ապահովելու և դրա համընդհանուր տեսլականը զարգացնելու նպատակով ստեղծվել է Խորհրդատվական մարմին, որը միավորում է հայ կին առաջնորդների՝ ակադեմիական, գործարարական և մարդու իրավունքների ոլորտներից։ Նրանց բոլորի նպատակը Դիանա Աբգարի ժառանգության շարունակությունը ապահովելն է։ Խորհրդի կազմում են՝

Հուրի Պերպերեան (պատմության պրոֆեսոր, Հայագիտական կենտրոնի տնօրեն, UC Irvine),

Անահիտ Մարկոսեան («Nairian» ընկերության հիմնադիր),

Նուէր Պեյլերեան (HYEfamily.com-ի արտադրիչ, worldFLATS ընկերության հիմնադիր),

Լեռնա Էքմեքչօղլու (MIT-ի McMillan-Stewart պատմության պրոֆեսոր),

Մելիսսա Բիլալ (UCLA-ի էթնոերաժշտագիտության ասիստենտ պրոֆեսոր, Promise Chair in Armenian Music, Arts, and Culture, Հայկական երաժշտական ծրագրի ղեկավար),

Շեյլա Փայլան (միջազգային մարդու իրավունքների փաստաբան, Զարգացման ծրագրերում ԵԱՀԿ-ի ավագ իրավաբանական խորհրդատու),

Տաթև Բեյբության (Madam Women’s Union-ի հիմնադիր) և

Լիլյա Ավագյան (Գլենդելի քաղաքային փոխադրամիջոցի հանձնաժողովի նախագահ)։

Միմի Մալայանի 2018 թվականի նույնանուն՝ «The Stateless Diplomat» վավերագրական ֆիլմի հիմքի վրա սկսված նախաձեռնությունը այժմ ընդլայնվում է:

«Սա ապշեցուցիչ սերիալ է լինելու, որը կգրավի միջազգային հանդիսատեսին և վերջապես Դիանա Աբգարին կհաջողվի վաստակել համաշխարհային ճանաչում՝ թե՛ որպես Հայաստանին ծառայած մեծ բարերար, և թե՛ որպես 20-րդ դարի սկզբի հանճարեղ կին»,- նշել է Մալայանը։

«Քաղաքացիություն չունեցող դիվանագետը» սերիալը, ընդգրկելով երեք սերնդի կանանց, ներկայացնում է Աբգարի պատմությունը ավելի լայն դիտանկյունից՝ ինքնության որոնման, արտաքսման և բնավորության տոկունության միջոցով։ Մի աշխարհում, որտեղ մարդկային արժեքները հաճախ են մարում, Աբգարի ձայնը հիշեցնում է, որ կարեկցանքն ու բարոյական քաջությունն են դիվանագիտության ամենաիրական գործիքները։

Տեսանյութեր

Լրահոս