Բաժիններ՝

Ոստիկանությունը տաք հետքերով հայտնաբերել ու վնասազերծել է Արամուսում ամուսիններին կյանքից զրկածին

Shamshyan.com-ը հայտնում է, որ քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչների հետ Կոտայքի մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Արամուս գյուղում ամուսիններին սպանելու մեջ կասկածվողին:

«Կասկածյալը հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով: Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ այսօր սպանության կասկածանքով հայտաբերված ու ձերբակալված կասկածյալը առավոտյան ինչ-որ հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ամուսինների հետ, ովքեր նրա հարևաններն են, այնուհետև ստահակը իմացել է որ ամուսինները տնից դուրս են եկել և գնացել են Արամուս գյուղի դաշտ՝ գազար հավաքելու, հրազենով զինված մոտեցել է նրանց և իր սև գործը կատարել, ապա դիմել փախուստի: Կասկածյալը 61-ամյա տղամարդ է:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էինք՝ հոկտեմբերի 12-ին, առեղծվածային մահվան դեպքեր էին տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիականության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս բնակավայրի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում դիեր կան: Ժամանել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը…

Հստակ տեղը հայտնի չէր, մոտ 1 ու կես կմ շառավղով դաշտամիջյան հատվածում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են կնոջ և տղամարդու մարմիններ:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշերով նախաձեռնվել էր քրեական վարույթ: Իրավապահները մի քանի վարկածի ուղղությամբ էին աշխատում, այդ թվում՝ կանխամտածված սպանություն, այդ թվում՝ հրազենի գործադրմամբ, ինչպես նաև հնարավոր է՝ նշված անձինք վրաերթի են ենթարկվել, ինչից հետո վրաերթի ենթարկողը, տեսնելով, որ նրանք մահացել են, դիերը տեղափոխել է դաշտ, թողել այնտեղ և հեռացել: Վարկածներից մեկն էլ հանկարծամահությունն է»,- գրում է կայքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս