Շատ կարևոր են հարաբերությունները ՌԴ-ի հետ, բայց պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը․ Կարապետյան

Հայաստանը պետք է շատ կարևորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց պետք է ունենա 2-րդ դաշնակցային գիծ, որովհետև ինչ–որ ժամանակը հիմնական դաշնակցի մոտ կարող է լինել վիճակ, որը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ կարող է ստեղծել։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Դրա համար միջազգային ավելի լայն դաշինքները Հայաստանի համար ընդունելի են»,–ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` այսօր իշխող քաղաքական կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներն իրենց ներկայացնում են արևմտյան ուժերի կրող, որովհետև ո՛չ հյուսիսում, ո՛չ հարավում, ո՛չ արևելքում իրենք չեն կարողացել առավելություն ստեղծել։

«Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ։ Եթե Արևմուտքը Հայաստանի համար լուծի այն տնտեսական հարցերը, որը ժամանակին լուծել է, օրինակ, Չեխիայի Սլովակիայի, Լեհաստանի համար, նստենք, քննարկենք։ Այսօր Արևմուտքը ուղղակի մեզ գովազդ է ցույց տալիս, բայց «տակը բան չկա»»,–ասաց նա։

Կարապետյանը վստահ է` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունակ չէ Հայաստանի համար ապահովել այդպիսի աջակցություն։

Անդրադառնալով ՔՊ-ի այն հայտարարություններին, թե Հայաստանում ընդդիմությունը Ռուսաստանի հետ «Միութենական պետություն» ստեղծելու ծրագրեր ունի, Կարապետյանը դրանք իրատեսական չհամարեց։

«Մեր դեմ ի՞նչ թեզ պետք է էդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որ փորձեն վախեցնել հանրությանը։ Սովետական Միությունը փլուզվել է անվերադարձ, և դրա մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը։ Այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա հարցականի տակ դնել Հայաստանի անկախությունը։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր տերմինի, եթե դա մեր սուվերենության կորստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաների այն ուղղություններով, որը թերագնահատվել է»,–ասաց Կարապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս